Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար համատեղ հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախ՝ Հայաստանի անունից ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթեց վնասվածքներ ստացածներին։
«Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ, և աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։
Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։
«Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար։
Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր»,- նշեց Միրզոյանը։
Միրզոյանը նաև խորհրդանշական համարեց, որ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար։