ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ չի հասկանում նրանց, ովքեր խաղաղության հասնելու համար պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային։
Նա բոլորին հորդորել է «հասկանալ, որ Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների դադարեցմանը»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը համոզված է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները և հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը «կարող են զուգահեռաբար ընթանալ»։
Ավելի վաղ գրեթե նույն միտքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծում բանակցությունների միջոցով, որի դեպքում Ուկրաինան հանդես է գալու որպես անկախ ժողովրդավարական երկիր Եվրոպայում, ապա դրան հասնելու ամենաարագ ճանապարհն Ուկրաինային աջակցելն է։ Զենքը, ըստ էության, խաղաղության ճանապարհն է»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: