Դավիթ Պողոսյան (Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն) - Շքեղ նմուշներ են, կրում են այն բոլոր ավանդույթները մեր հայ վարպետների, հայ արծաթագործության, գոտիագործության, որոնք արտահայտված են նաև մեր հավաքածուում:
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը 17 տարի անց նաև թանգարանային նմուշ են և արդեն ապահով ձեռքերում: Դրանք Հայաստանից դուրս հանելու փորձը իրավապահները կանխեցին 2006-ին: Չհայտարարագրված, ավելի քան 3,5 մլն դրամ արժեքով 26 միավոր իրերը հայտնաբերվել էին օտարերկրացու ուղեբեռում:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Այս իրերը ԱԱԾ վարույթներից մեկով են հայտնաբերվել: 2023-ին, երբ վարույթը սկսվեց, իրեղեն ապացույցների պահպանության հանձնելու հարցն էր քննարկվում, պարզվեց՝ դրանք պահվում են ԱԱԾ-ում, ԱԱԾ տնօրենի հետ որոշում կայացվեց, որ ավելի լավ վայր, քան պատմության թանգարանն է, դժվար է գտնել, այդ 26 միավորը ցուցադրված է պատմության թանգարանում:
Քրեական գործով վարույթը 2007-ին կասեցվել էր մեղադրյալի՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու հիմքով:
Աննա Վարդապետյան - Ցավոք, մենք չունենք տվյալներ, թե որտեղից են իրերը հափշտակված, գուցե նաև հափշտակված չեն, այլ ձեռք են բերվել առուվաճառքի պայմանագրով, մասնավոր կոլեկցիոներներից է գնված. բացահայտվել է մաքսանենգության ժամանակ, առանց հայտարարագրման օտարերկրացին փորձ է արել դուրս բերել արժեքները:
Գոտիներ, զարդատախտակներ, թեյի սպասք՝ շաքարաման և բաժակակալ. 19-րդ դարի վերջի և 20 դարասկզբի արևելահայ, արևմտահայ արծաթագործ վարպետների, գոտիագործության ավանդույթներ կրող գործեր են:
Աննա Վարդապետյան - Ուզում էինք հասկանալ՝ ինչումն է կայացել գոտիների խորհրդանիշը. իմ ընկալումն այն է, որ այն հոգևոր արժեքների նյութականացված ձև է, մեր նախնի կանանց կեցվածքի, մեջքի ամրության, ուղիղ կանգնելու, հպարտ քայլելու լուռ վկաներն են, վստահ եմ՝ ցուցադրություն կունենանք, ուրախ եմ, որ դատախազությունն իր լուման ունի:
Հավաքածուն կցուցադրվի թանգարանի «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսում, որտեղ ներկայացված են հայուհիների զարդեր:
Այն բաց կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Տարեվերջին Կառավարությունը մի կարևոր որոշում կայացրեց, որով մեր մշակութային արժեքների փորձաքննության համար ստեղծվում են նոր հնարավորություններ, հատկացրինք 80 մլն դրամ, որ ձևավորվի արդի սարքերով լաբորատորիա, որը թույլ է տալու փորձաքննության նոր որակ ապահովել:
Պատմության թանգարանը համալրած արժեքավոր այս նմուշները ուսումնասիրության առարկա են արդեն մշակութաբանների, ազգագրագետների համար:
Արտակ Ասատրյան (Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի վարիչ) - Գմբեթաձև ճարմանդով այս երկու գոտիները բնորոշ են Շուշիին և Շիրակին: Սա Վանի գոտի է: Բոլորը հարգադրոշմներ ունեն և պատրաստող վարպետի կնիքներ: Հարգադրոշմը՝ Կովկասյան օկրուգի 19-րդ դարի վերջից 20-րդ դար: Օ. Մ. Ա. Տ. վարպետի անվան, ազգանվան սկզբնատառերը. սա անհերքելի փաստարկ է, որ գոտիներն ու զարդը պատրաստել է հայ վարպետը:
Պատմության թանգարանն օրական ունենում է մինչև 300 այցելու:
Տնօրենի խոսքով՝ ցուցանմուշների պահպանման, անվտանգության ապահովման համար գործում են բոլոր հնարավոր միջոցները: