Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել: Թուրքիայում զոհերի թիվը շուրջ 32 000 է՝ հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից: Ստորգետնյա ցնցումների գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար մարդ: Լրատվամիջոցներն էլ պարբերաբար նյութեր են տարածում երկրաշարժից 8 օր անց փլատակներում հայտնվածների փրկության դեպքերի մասին: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո, ընդհանուր առմամբ, 2724 հետցնցում է գրանցվել։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ փլվել կամ մասնակի ավերվել է 41.000-ից ավելի շինություն: Երկրին հասցված վնասը 84 մլրդ դոլար է գնահատվում: Թուրքիայում գրանցվում են նաև թալանի դեպքեր, ինչպես նաև շարունակվում են շինարարական ընկերությունների աշխատակիցների ձերբակալությունները: Վերջիններս մեղադրվում են անփութության համար, ինչը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Սիրիայում զոհերի թիվը գերազանցում է 5800-ը: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունում է երկրաշարժից տուժած Սիրիայի բոլոր շրջաններ հումանիտար աջակցություն ուղարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ
Թուրքիայում քննարկում է մայիսի 14-ին նշանակված նախագահի և խորհրդարանի ընտրությունների հնարավոր հետաձգումը։ Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, դրանք չեն կարող անցկացվել ոչ մայիսին, ոչ էլ հունիսին: «Հիմա՝ երկրաշարժերից հետո, դրանց մասին խոսելը տեղին չէ»,- նշել է նա։
Լրատվամիջոցների տվյալով՝ ընդդիմությունը դեմ է ընտրությունների հետաձգմանը: Նշվում է, որ սահմանադրությունն այս հարցում հստակ է՝ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի դեպքում։ Թուրք քաղաքագետների համոզմամբ՝ մայիսի 14-ին ընտրությունների անցկացումը չի բխում Ռեջեփ Էրդողանի շահերից, ուստի իշխող կուսակցությունը կփորձի հետաձգել դրանք: Ընդդիմությունը նման պայմաններում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունի։
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՓԱՍՏՈՎ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Բաթումում՝ Սև ծովի ափին հականավային ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել՝ հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Լողափից 25 մետր հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ աշխատակիցներ, այդ թվում՝ սակրավորներ և հրշեջներ։ Ականի ծագման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները հրապարակումներ են տարածում այն մասին՝ ում կարող էր պատկանել ականը: Կողմերն իրար են մեղադրում Սև ծովում ականներ տեղակայելու համար: Նշվում է, որ Բաթումում պայթած ականը Վրաստնի ափերին է մոտեցել փոթորկի հետևանքով: Թուրքիան և սևծովյան ավազանի մյուս երկրները ևս պարբերաբար հայտնում են ծովային ականների հայտնաբերման մասին:
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով մեկնել է Պեկին:
Իրանի նախագահի եռօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Չինաստանի նախագահի, վարչապետի և Ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի հետ: Ռայիսին տեղեկացրել է, որ Չինաստանի հետ պատրաստվում են երկկողմ գործակցության 20 համաձայնագիր ստորագրել:
«Իրանն ու Չինաստանը՝ որպես երկու անկախ երկիր, ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, և պետք է ամրապնդեն իրենց կապերը»,- ասել է Իրանի նախագահը։
Սա վերջին 20 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Պեկին: Bloomberg-ը գրում է, որ Ռայիսիի այցը Չինաստան ազդարարում է երկու երկրների միջև կապերի ամրապնդումը Վաշինգտոնի հետ լարվածության աճի ֆոնին:
ՖՐԱՆՍԻԱՆ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԼՔԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՏԱՐԱԾՔԸ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել Լիտվայի, Լեհաստանի կամ Լատվիայի անցակետերով անհապաղ լքել հանրապետությունը՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն Բելառուս խորհուրդ չի տրվում»,- հավելել են գերատեսչությունում:
Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։