Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ ղեկավարին սերտ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով՝ կազմակերպության հետ փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։
Համակարծիք լինելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Գիլբերտ Հունգբոն վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտային համագործակցությանն ուղղված։
Վերջինս նախարարին ներկայացրել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցա ստեղծելու իր նախաձեռնությունը և առաջարկել, որ դրա մաս կազմի նաև Հայաստանը։ Զրուցակիցները քննարկել են տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը ևս։
Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Գիլբերտ Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրությամբ։