2023 թ. հունվարին հետվճար ստացած թոշակառուների թիվը կազմել է 72 000: 2022-ի դեկտեմբերին հետվճար ստացածները 5 հազարով ավելի քիչ են եղել (66 797): Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները փաստում են, որ ծրագրի մեկնարկից սկսած յուրաքանչյուր ամիս մոտ 20-30 տոկոսի աճ է գրանցվում: Համեմատության համար նշենք, որ ծրագրի առաջին ամսում հետվճարի հնարավորությունից օգտվել է ընդամենը 16 հազար շահառու: Վերջին ամսում կտրուկ ավելացել է անկանխիկ գործարքների թիվը:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Եթե դեկտեմբերին գործարքները եղել են 609 000 ապա հունվարին 690 000 գործարք ենք ունեցել անկանխիկ եղանակով, սա խոսում է կենսաթոշոկառուների մոտ վարքագծի փոփոխության մասին, այսինքն` իրենք ոչ թե մեծ գումարի առևտուր են անում, այլ քանակն է մեծացել, այսինքն՝ ամենօրյա առևտրի մեջ անկանխիկի դերը մեծացել է:
Քարտով կենսաթոշակ կամ նպաստ ստացողները, եթե այդ գումարն անկանխիկ եղանակով են ծախսում, դրան հաջորդած ամսում 10 տոկոսի հետվճար են ստանում: Նախորդ տարվա հուլիսին մեկնարկած ծրագիրը երկարացվել է մինչև այս տարվա հուլիս: Ամենայն հավանականությամբ, այն դարձյալ կերկարաձգվի: Դավիթ Խաչատրյանն ասում է՝ պետությունը այս ծրագրով 2 նպատակ է հետապնդում՝ հնարավորություն տալ կենսաթոշակառուներին իրականացրած գործարքներից հետվճար ստանալ` բարձրացնելով փաստացի թոշակը մինչև 10 տոկոսով, ինչպես նաև բարձրացնել անկանխիկ գործարքների թիվը:
Դավիթ Խաչատրյան - Բացի դրանից՝ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին նոր տեխնոլոգիաներին տիրապետելու հնարավորություն ստեղծելն է: Ընթացքը ցույց տվեց, որ դեռ ժամանակ է պետք, քանի որ տարեցները դժվար են փոփոխությունների գնում, բայց կարող ենք փաստել, որ ով օգտագործում է, բավականին գոհ է` էն իմաստով, որ ոչ միայն հետվճար է ստանում, այլ նաև օգտագործումն է հեշտ, քանի որ գումարը վճարելիս ավելի արագ է լինում, պայուսակում գումարի կարիք չի լինում և այլն, մեկ հպումով անցնում է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ցանկացած գործարք՝ խանութներում գնումներից մինչև կոմունալ ծառայությունների վճարներ, անկանխիկ անողները հետվճար կստանան: Ի դեպ, անկանխիկ գործարքների ակտիվություն կանխատեսվում էր Երևանում, բայց վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մարզերում հավասարապես օգտվում են եկամտաբեր ծառայությունից: