Հայաստանում ստեղծվում է էլեկտրոնային արդարադատության մեկ միասնական հարթակ՝ e-justice, որը ներառելու է ոլորտին վերաբերող էլեկտրոնային բոլոր ծրագրերը: Քաղաքացին, մուտք գործելով հարթակ, կարողանալու է ընտրել անհրաժեշտ թվային ծառայությունը և օգտվել դրանից:
Արա Մկրտչյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Եթե ունենաք քաղաքացիական դատավարության հետ կապված որևէ հարց, հարթակի միջոցով մուտք կունենաք քաղաքացիական դատավարության էլեկտրոնային հարթակ, մյուս շահառուն վարչական խնդիր է ունենալու, կրկին նույն հարթակով է ապահովելու:
Փոխնախարար Արա Մկրտչյանը հիշեցնում է՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացումը կառավարության գերակայություններից է, և ոլորտներից շատերը համակարգում է հենց արդարադատության նախարարությունը: Թվայնացվող ոլորտներն ու ակնկալվող արդյունքները ներկայացված են դատաիրավական բարեփոխումների առաջիկա 5-ամյա ռազմավարությունում: Այս տարի թվայնացման ամենամասշտաբային ծրագիրը քաղաքացիական դատավարության էլեկտրոնային մոդուլի գործարկումն է:
Արա Մկրտչյան - Այս տարի հաջող գործարկելու դեպքում բոլոր շահառուները, առանց դատարան այցելելու, կարողանալու են քաղաքացիական դատավարության ամբողջ գործընթացն իրականացնել էլեկտրոնային հարթակով, առանց ֆիզիկապես դատարան այցելելու: Կարողանալու են հայց ներկայացնել, կցել փաստաթղթեր, կատարել միջնորդություններ, ստանալ որոշումներ, տեսակապի միջոցով դատական նիստի մասնակցել: Ամբողջ պրոցեսը լինելու է թվայնացված:
Կթվայնացվեն նաև քրեական դատավարության, քրեական, քաղաքացիական հակակոռուպցիոն, վարչական դատավարության գործընթացները: Կստեղծվի հարկադիր ծառայության էլեկտրոնային նոր մոդուլ, կարդիականացվի իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման համակարգը: Առաջին անգամ ստեղծվում է էլեկտրոնային նախաքննության համակարգ, որը կներդրվի սեպտեմբերին: Կհամադրվեն էլեկտրոնային նախաքննության և դատաքննության գործիքները: Հանցագործության մասին հաղորդումից մինչև քրեական վարույթի նախաձեռնում, դատավարություն ու վճիռ թվային կլինի: Դատախազությունը նախագիծը մշակում է նախարարության գործընկերների հետ:
Արա Մկրտչյան - Սա շատ է հեշտացնելու ինչպես քննիչների, դատախազների, դատավորների առօրյա աշխատանքը, այնպես էլ տվյալ գործերով ներառված դատավարության մյուս մասնակիցների: Թվայնացման գործընթացն իր հետ բերում է մեծ մուլտիպլիկացիոն էֆեկտ, որի կարևոր բաղադրիչներից է կոռուպցիոն ռիսկի նվազեցումը: Երբ որևէ գործառույթ թվայնացված է, առկա է էլեկտրոնային հարթակ, ապա շահառուն պարզ գործողությամբ իրականացնում է իր գործառույթը, ստանում ցանկալի արդյունքը, իսկ օրենքով սահմանված պայմանների ապահովումն այլևս չի գնահատվում որևէ գերատեսչության աշխատակցի սուբյեկտիվ պահանջ կամ իր խնդիրը չլուծելու, ձգձգելու պատճառ:
Էլեկտրոնային արդարադատությունն ամբողջապես նախատեսվում է ներդնել 1-3 տարում: