Փետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական
թիմն ավարտեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, հայ փրկարարները ժամանեցին Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Նրանց դիմավորեցին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Օդանավակայանում դիմավորելով փրկարարներին՝ Կամո Ցուցուլյանն անձամբ իր և Ներքին գործերի նախարարի անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի և անձնուրաց ծառայության համար:
Աղետի գոտում շուրջ 7 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական, առաջին բուժօգնության, կինոլոգիական խմբերով աշխատանքներ:
Հալեպում գտնվելու կարճ ժամանակահատվածում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպեցին և անցկացրին ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:
Նախօրեին հայկական թիմի ղեկավարությանն
ընդունեց Հալեպի նահանգապետը, որն իր երախտագիտությունը հայտնեց հայ փրկարարներին և նրանց հանձնեց Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիր՝ ցուցաբերած աջակցության համար: