Չհրկիզվող պահարանում քրեական գործի իրեղեն ապացույցներն են՝ կեղծ թղթադրամները: 500 դոլարը քաղաքացին փորձել էր իրացնել բանկերից մեկում, կեղծիքը բացահայտվել էր, դոլարներն էլ փորձաքննության են ուղարկվել ձեռագրաբանական և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժին:
Կեղծն իրականից տարբերել ու դրան մասնագիտական բացատրություն տալ. փորձագիտական կենտրոնում կատարում են այս նոր սարքի միջոցով: Դրա հնարավորությունները մասնագետներին օգնում են արագ գտնել 100 դոլարանոցի վրա եղած շեղումները: Բաժնի պետը, որի ինքնությունը անվտանգությունից ելնելով չենք բացահայտում, մանրամասն բացատրում է:
Սա սուպեր կեղծիքների շարքից է՝ բնորոշում է փորձագետը, ասում՝ առանց սարքի դժվար է տարբերել այն իրականից: Միկրոգրառումների շեղվածությունն էլ միայն 20 անգամ խոշորացումից հետո է երևում:
Թղթադրամներից բացի՝ այս նոր սարքավորումը ցանկացած տեսակի փաստաթղթերի հետազոտություն է կատարում: Սա առաջատար տեխնոլոգիա է՝ անձնագրեր, ID և կացության քարտեր, վարորդական վկայականներ, վիզաներ, կնիքներ ու ոչ միայն: Տվյալների հսկայական բազա կա, որը, ըստ մասնագետի, պարունակում է գրեթե բոլոր երկրների պաշտոնական փաստաթղթերի պաշտպանական տարբերակիչները: Նմուշի ստացման դեպքում համակարգը դրանք արագ համեմատելու հնարավորություն է տալիս:
Նոր սարքը, բաժնի պետի խոսքով, կրճատել է նաև փորձաքննության ժամկետը, հիմա մի քանի գործողության փոխարեն մեկն են անում, արագ ստանում եզրակացությունը, փոխանցում նախաքննությանը:
Սարքավորման առկայությունն էապես բարձրացնում է փորձաքննությունների արդյունավետությունը: Միայն 2022-ին շուրջ 200 փաստաթղթաբանական փորձաքննություն է արվել: