Մարտի 1-ից ծխախոտը, իսկ ապրիլի 1-ից` ալկոհոլային արտադրանքը մեր երկրում պետք է ունենան նոր՝ ԵԱՏՄ-ում նույնականացվող դրոշմապիտակ՝ «դատամատրիքս կոդ», որը պարտադիր կլինի: Միության հետ դրոշմավորման նոր՝ թվային համակարգ ներդնելու պայմանագիրը կնքվել էր դեռ 2018-ին: Այն հնարավորություն է տալիս առաջին հերթին տվյալ դրոշմապիտակներով ապրանքները ճանաչելի դարձնել ԵԱՏՄ բոլոր երկրներում:
Աշոտ Մուրադյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Այն հնարավորություն է տալիս ապրանքների շրջանառության մեջ մտնելու պահից ֆիքսելուց մինչև շրջանառությունից դուրս գալու պահը հետագծելիություն ապահովել, որով էլ ապահովում ենք ավելի արդյունավետ վարչարարություն, ստվերի դեմ ավելի արդյունավետ պայքար:
Լևոն Բաբայան («Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ փոխտնօրեն) - Վերահսկողության ևս մի քայլն այն է, որ ապրանքը վաճառելիս դրոշմապիտակը պետք է սկանավորվի խանութում, որպեսզի ՀԴՄ-ի միջոցով ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ այդ տեղեկատվությունը մուտք լինի: Դրա համար անհրաժեշտ է սկաներ, որը ազատ վաճառվում է, և այդ սկաները կարող է կպցրած լինել թե՛ ERP համակարգին խանութի, թե՛ ուղղակի ՀԴՄ-ին:
Մարտից խանութները ևս պետք է նոր դրոշմապիտակները սկաներով անցկացնեն. դա օրենքի պահանջ է: Նոր դրոշմապիտակները արդեն պետությունը չի տրամադրի, այլ դրանք ձեռք կբերեն տնտեսվարողները՝ ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորից:
2021 թվականին պետությունը գնել ու տնտեսվարողներին անվճար տրամադրել է ծխախոտի ակցիզային 550 մլն հատ դրոշմանիշ, մեկ հատի արժեքը՝ 3.6 դրամ, և 48 մլն հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշ, մեկ հատի արժեքը՝ 9.36 դրամ: 2022-ին, առաջիկայում նախատեսվող փոփոխությունը հաշվի առնելով, ծխախոտի ակցիզ պետությունը չի գնել, ալկոհոլայինի դեպքում էլ՝ միայն 10 մլն հատ: Այսպիսով, պետությունը վերջին երկու տարում ակցիզային դրոշմանիշներ գնելու վրա ավելի քան 2.5 մլրդ դրամ է ծախսել, նոր փոփոխությամբ՝ կազատվի այս բեռից:
Լևոն Բաբայան - Մենք կնքում ենք տնտեսվարողների հետ պայմանագիր, իրենք գրանցվում են մեր համակարգում, ստանում լոգին-պարոլը, գրանցում ենք իրենց ապրանքը, և յուրաքանչյուր ապրանքանիշի համար իրենք կարող են մեր համակարգի միջոցով իրենք պատվիրել դրոշմապիտակներ:
Այս տեղեկությունն էլ ազգային օպերատորը փոխանցում է ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգ: Ալկոհոլի պարագայում դրոշմապիտակը կշարունակեն փակցնել շշերին, իսկ ծխախոտի դեպքում այն կլինի տպված տուփի վրա: Այս ամենի համար որոշ տնտեսվարողներ նոր են վերազինել սարքավորումները, մյուսներն ավելի վաղ էլ պատրաստ էին դրոշմավորման համակարգին միանալուն, վստահեցնում է ազգային օպերատորի ներկայացուցիչը: Չնայած մարտի 1-ից նոր համակարգն է գործելու, հին դրոշմապիտակներով ապրանքները կմնան շրջանառության մեջ:
Աշոտ Մուրադյան - Քանի որ դրոշմապիտակների որոշակի ծավալ նաև տպագրվել ու հատկացվել էր արտադրողներին ու ներմուծողներին, բնականաբար, իրենց մոտ այդ պրոցեսը՝ արտադրելու և շրջանառության մեջ դնելու, նաև ներմուծելու, որոշակի ժամանակահատված է պահանջելու, հետևաբար մենք զուգահեռ կիրառելու ենք երկու համակարգերն էլ, մինչև նախկին տպագրված դրոշմապիտակները ամբողջությամբ շրջանառությունից դուրս գան:
Ծխախոտային արտադրանքի պարագայում մինչև հունիս հին դրոշմապիտակները կսպառվեն, հաշվարկել են ՊԵԿ-ում, բայց խանութներում կարող են ավելի երկար ժամկետով վաճառվել: Ազգային օպերատորի ներկայացուցիչը նշում է՝ իրենց տվյալով` մեր երկրում այս պահին ծխախոտային արտադրանքի ոլորտում գործող 12 ընկերություն կա՝ 5-ը՝ արտադրող, 7-ը՝ ներմուծող, ալկոհոլային խմիչքների ոլորտում 215 ընկերությունից 204-ը արտադրող են, 11-ը՝ ներմուծող: Լևոն Բաբայանը նոր համակարգի մեկ այլ հնարավորություն է ներկայացնում սպառողի համար:
Լևոն Բաբայան - Մեր կողմից մշակվել է արդեն ծրագրային հավելված, որի միջոցով կարելի է սկանավորել դրոշմապիտակը և այդ ապրանքի մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ով է արտադրել, երբ, կամ երբ է ներմուծվել Հայաստան, այդ ամբողջ տեղեկությունը էդ հավելվածում երևում է: Եթե ապրանքը ունի սպառման ժամկետ, միանշանակ այդ տեղեկատվությունն էլ է երևում:
Աշոտ Մուրադյանը շեշտում է՝ բարեփոխումը սկսել են ծխախոտային ու ալկոհոլային արտադրանքներից, բայց ժամանակի ընթացքում դրոշմավորման նոր համակարգը կտարածվի բոլոր այն արտադրանքների վրա, որոնք օրենքի պահանջով պետք է դրոշմավորված լինեն:
Աշոտ Մուրադյան - Կան ոլորտներ մեզ մոտ, որտեղ ընդհանրապես դրոշմավորում առկա չէ, և այդ ոլորտներում դրոշմավորման ներդրմամբ, բնականաբար, մենք ակնկալում ենք ստվերի որոշակի կրճատում, որովհետև սա շատ լավ հնարավորություն է ՀԴՄ կտրոնների վարչարարության պես պայքարել ստվերի դեմ և որոշակի արդյունքներ գրանցել:
ՊԵԿ-ը սկզբնական շրջանում միայն կիրազեկի ու կզգուշացնի բոլոր կողմերին՝ գործել նոր կանոններով, անցումային շրջանից հետո արդեն վարչարարություն էլ կիրականացնեն: