ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՌԴ-Ն. ՍԻԴՈՐՈՎ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կովկասյան տարածաշրջանում հակամարտության հավանականությունը շարունակում է մեծանալ: Դրա պատճառն, առաջին հերթին, այն է, որ առանձին պետությունների միջև չկարգավորված տարածքային հարցեր կան՝ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Անատոլի Սիդորով (ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ) - Այս տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը, չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, ունեն հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականը, ձգտում են պարտադրել անվտանգության իրենց մոդելը և խափանել այդ ուղղությամբ կազմակերպության ջանքերը:
Սիդորովը հավելել է՝ Ադրբեջանն էլ, իր հերթին, շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը՝ այն բարեփոխելով, անցնելով թուրքական չափանիշների, վերապատրաստելով անձնակազմը, ստանալով ՆԱՏՕ-ի արտադրության սպառազինություն։
Պատասխանելով Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժության չեղարկմանը՝ Միացյալ շտաբի պետը նշել է՝ դա կառույցի յուրաքանչյուր անդամի իրավունքն է: Նա հավելել է, որ զորավարժությունը կանցկացվի Ղրղզստանում:
Անատոլի Սիդորով (ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ) - Եթե Կովկասյան տարածաշրջանում հանկարծ ՀԱՊԿ-ի ներգրավում պահանջվի, ապա փորձը կա, ծրագիրը նույնպես մշակված է: Կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ կլինեն Կովկասյան տարածաշրջանում աջակցելու իրենց դաշնակցին, իրենց եղբորը:
Նա ընդգծել է՝ միշտ չէ, որ խնդիրը հնարավոր է լուծել ռազմական ուժով, պետք է առաջնորդվել նաև «մի՛ վնասիր» սկզբունքով։
ԽՈՎԱԵՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Մինչ Բաքու մեկնելը՝ փետրվարի 9-ին, Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
ՑՈՒՑԱԲԵՐՎՈՒՄ Է ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ. ՔԸԼԸՉ
Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Twitter-ի միկրոբլոգում կիսվել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառմամբ այն մասին, որ հայ փրկարարները փլատակներից ևս երկու կնոջ են փրկել:
«Իրարից առանձին՝ մենք մեկ կաթիլ ենք, իսկ միասին՝ օվկիանոս։ Այսօր բոլորս մի կողմ դնելով մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը, որպես նույն Աստծո զավակներ՝ որոշեցինք ցուցաբերել մարդասիրության և մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը։ Աստված օրհնի բոլորիդ»,- գրել է Քըլըչը։
ՓԱՈՒԵՐԸ «ՀՈՒԶԻՉ» Է ՈՐԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը «հուզիչ» է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Փաուերը թվիթերում գրել է, որ 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին: Նա հիշեցրել է, որ Հայաստանը 100 տոննա օգնություն է ուղարկել Թուրքիա:
ԱՄՆ-Ը ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԻ ՋԱՆՔԵՐԸ՝ ՎԵՐՋ ԴՆԵԼՈՒ ՃԳՆԱԺԱՄԻՆ. ԷՇՈՒ
ԱՄՆ-ը պետք է ակտիվացնի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը, այս մարդածին հումանիտար ճգնաժամին ՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:
«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է Արցախի անմարդկային շրջափակումը և կոչ անում Ջո Բայդենի վարչակազմին՝ պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը: