Վերջին երկու տարում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ակտիվացել է: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի՝ 2022-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 41.1%-ով՝ 505 միլիոն դոլարից հասնելով 712 միլիոն դոլարի:
Վարդան Կոստանյան (ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ) - Ուրախալին այն է որ 2022 թվականից Հայաստանից արտահանում էլ է աճ գրանցել հասնելով 111.2 միլիոն դոլարի, ինչը 2021 թվականի համեմատ 69.7 տոկոս աճ է գրանցել, համեմատության համար ասենք, որ 2021 թվականին կազմել է 65.5 միլիոն դոլար:
Ավելացել է ոչ միայն Հայաստանից Իրան արտահանման, այլև Իրանից Հայաստան ներմուծման ծավալը՝ կազմելով ավելի քան 601 միլիոն դոլար: Ոչ միայն առևտրաշրջանառության թվերն են ավելացել, այլև Հայաստանից արտահանվող ապրանքատեսակները: Պղնձի հանքաքար, ծխախոտ, վերականգնված ծխախոտ, ապակյա տարաներ. սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք երբևէ հարևան երկիր չեն արտահանվել: Հայաստանից Իրան արտահանման ծավալում զգալի մասը բաժին է հասնում էլեկտրաէներգիային:
Վարդան Կոստանյան - Եթե 2021 թվականին այն կազմում էր 41.8 միլիոն, ապա 2022 թվականին այն կազմել է 66.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Սա երկու կառավարությունների վերջին տարիների պայմանավորվածության արդյունք է՝ ասում է Հայաստանում Իրանի առևտրական կցորդը: Նպատակը առաջիկա տարիներին առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելն է: Երկու երկրների առևտրաշրջանառության ավելացման վրա ազդել է նաև ԵԱՏՄ արտաքին առևտրի աշխարհագրության ընդլայնումը:
Աքբար Գոդարի (ՀՀ-ում ԻԻՀ առևտրական կցորդ) - Պետք է ընդգծեմ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կարևորությունը: Մենք շատ խնդիրներ ունեինք մաքսային ոլորտում և երկու կառավարությունների աշխատանքի շնորհիվ խնդիրները լուծվել են, ինչն էլ նպաստել է, որ երկկողմ հնարավորություններն արդյունավետ օգտագործվեն: Շատ հոլդինգներ արդեն այստեղ են, մի մասն էլ պատրաստվում է գալ Հայաստան:
Այս տարի նաև նախատեսվում է նոր համաձայնագրի ստորագրում, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որ Հայաստան-Իրան առևտևաշրջանառությունը հասնի մեկ միլիարդ դոլարի: