Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում օրերս կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը:
Մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցներից:
Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարի ուժեղագույն մարզիկներ են ճանաչվել Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը:
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց ձևում հաղթել են Գագիկ Նիկողոսյանն ու Մարիամ Միքայելյանը, օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոցում՝ Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը:
Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանը չեմպիոններ են դարձել վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 20+20 կրակոց ձևում: Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց վարժության հաղթողները դարձյալ Հովհաննես Մարգարյանն ու Արուսյակ Գրիգորյանն են եղել:
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները ստացել են հավաստագրեր և դրամական պարգևներ: Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կարժանանան դրամական պարգևի:
Հրաձգության հավաքական թիմը փետրվարի 17-ին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի, որից հետո մարտի 12-ին կմեկնի Էստոնիայի Տալլին քաղաք, որտեղ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: