Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոր մտահոգություն են հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրի օրինականացման և 10 000 բնակարանային միավորի կառուցման վերաբերյալ Իսրայելի հայտարարության կապակցությամբ։
«Մենք վճռականորեն դեմ ենք այս միակողմանի գործողություններին, որոնք միայն կխորացնեն լարվածությունը իսրայելցիների և պաղեստինցիների միջև և կխաթարեն բանակցությունների միջոցով «երկու պետության» տարբերակով հարցի լուծմանը հասնելու ջանքերը»,- նշված է ԱԳ գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
Արտգործնախարարները հանդես են եկել Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և կայուն խաղաղության օգտին, որը պետք է ձեռք բերվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով: Նախարարները նշել են, որ շարունակում են ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները որոշել են օրինականացնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող ինը բնակավայրային դիրքերը՝ ի պատասխան Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունների: