Քննչական կոմիտեն բացահայտել է համակարգչային եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակության հերթական դեպքը:
Քննիչ Մանուկյանի ձեռքի տակ ֆեյսբուք սոցիալական ցանցով կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործն է:
2021-ի օգոստոսի 2-24-ը մի խումբ անձինք տարբեր կանանց անուններով ներկայացել են որպես «Իդրամ»-ի աշխատակից և նամակներ ուղարկել տարբեր քաղաքացիների՝ նշելով` եթե իրենց օգնությամբ գրանցեն էլեկտրոնային դրամապանակ, կստանան 4000 դրամ բոնուս:
Միլենա Մանուկյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ քննիչ) - Նշված քաղաքացիները տրամադրել էին իրենց անձնական հեռախոսահամարին եկած գաղտնաբառը, որից հետո վերջիններիս անվամբ գաղտնաբառը փոխվել էր, այդ մարդիկ հասանելիությունը կորցրել էին և հնարավոր էր եղել կնքել օնլայն վարկային պայմանագրեր և հափշտակել դրանցով հաստատված գումարները:
Հանցավոր խմբի անդամները տարբեր անձանց անունով 9 միլիոն 200 հազար դրամի 21 վարկային պայմանագիր են կնքել ու նախապես բացված տարբեր բուքմեյքերական հաշիվների և բանկային քարտերի միջոցով կանխիկացրել դրանք:
Միլենա Մանուկյան - Գործուն միջոցներ էին ձեռնարկել խմբի անդամների այլուրեքությունը ապահովելու, հանցանքի բացահայտումը դժվարացնելու նպատակով: Գումարը կանխիկացնելիս կրել են դիմակ:
Կադրում երևում է հանցավոր խմբի անդամներից մեկը՝ գումարը կանխիկացնելու պահին: Քրեական վարույթի ընթացքում բացահայտվել է երկու անձի ինքնություն: Նրանց վերաբերյալ գործը անջատվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին՝ դատարան ուղարկելու համար: Նրանք կալանավորվել են:
Միլենա Մանուկյան - Կնքված վարկային պայմանագրերի հետ կապված վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տուժող ճանաչել բանկին, ոչ թե տվյալ քաղաքացիներին:
2021-ին կատարված մեկ այլ հանցագործության մասին, որը ևս մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ձեռագիրը գրեթե նույնն է. այս անգամ թիրախում բուքմեյքերական խաղերից օգտվողներն են:
Հովհաննես Վարդանյան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ) - Ստեղծվել է ծուղակային էջ` իբրև բուքմեյքերական կայքերի բոնուսներ, քեշբեքեր:
Տուժել է 81 անձ, որոնցից 53-ից կատարվել է հափշտակություն, մնացածի տվյալները օգտագործվել են հանցագործությունը բարդացնելու համար:
Քննչական կոմիտեում արձանագրում են՝ կիբեռհանցագործությունները օր օրի ավելանում, կատարելագործվում են: Դրան զուգահեռ ավելացել են նաև բացահայտումները: 2022-ին միայն կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը քննել է 641 քրեական վարույթ:
Մինչդեռ 2021-ին քննվել է 348, 2020-ին՝ 209, 2019-ին քննվել է 117 կիբեռհանցագործություն:
Ստացվում է՝ 2019-21 թվականներին քննվել է 674 քրեական գործ, իսկ միայն 2022 թ. ընթացքում՝ դրան համադրելի 641 քրեական վարույթ, գերակշիռ մասը՝ 431-ը կամ 67,2%-ը, քննվել է ֆինանսական կիբեռհանցագործությունների դեպքերով, 184 վարույթ կամ 28,7%-ը՝ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով։ 26-ը կամ 4%-ը քննվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված այլ հանցագործություններով կամ դեպքերով: 2021 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ, 2022-ին՝ 14 քրեական վարույթ: