ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀՈՎ
Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է և պետք է արձագանքի նման մասշտաբի աղետներին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիա փրկարարներ ու ցամաքային սահմանով հումանիտար օգնություն ուղարկելուն։ Պատգամավորը չբացառեց, որ սա կարող է դրական ազդել Հայաստան-Թուրքիա բանակցությունների և սահմանի բացման վրա:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները, և հույս ունենք, որ Թուրքիայի կառավարությունն ավելի կհակվի այս գործընթացին, ու ավելի արագ արդյունքներ կտեսնենք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի Երևան այցին, դրան զուհահեռ արտաքին գործերի նախարարի՝ Ֆրանսիա և Վաշինգտոն հեռախոսազրույցներին անդրադառնալով՝ Խանդանյանը պնդեց, որ ակտիվության հիմքում Հայաստանի արտաքին քաղաքականության նախաձեռնողականությունն ու բոլոր ուղղություններով խնդիրները հասցեագրելն է: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրին:
Սարգիս Խանդանյան - Գիտեք, որ խաղաղության պայմանագրի տեքստը մի քանի փուլով առաջարկներ են ներկայացվել, բոլորովին վերջերս Ադրբեջանն է ներկայացրել իր առաջարկները, Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա, և երբ պատրաստ լինեն մեր առաջարկները, կուղարկվեն Ադրբեջանին:
ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցին պատասխանելով՝ կառավարող ուժի քարտուղարը շեշտեց՝ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - ՀՀ իշխանությունները ելնում են ՀՀ պետական շահերից, ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացարձակապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն իրավիճակը, որ կա ՀՀ սահմաններին, խնդրում եմ այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներ չտեսնել
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն էլ նշեց՝ ՀԱՊԿ-ն իր գործառույթները լիարժեք չի իրականացրել Հայաստանի նկատմամբ, բայց հիշեցրեց, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից: Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ վեկտոր է փոխել, ապա պետք է հայտարարի, նկատեց Տիգրան Աբրահամյանն ու անդրադարձավ նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Կա խոր դիմակայություն Արևմուտքի և ՌԴ-ի մեջև, այստեղ խնդիրն այն չէ, թե ո՛րն է ավելի էֆեկտիվ դիմակայություն ապահովելու Հայաստսանի դեմ հնարավոր ագրեսիայի ժամանակ, հիմնական խնդիրն այն է, որ գործընթացն ուղեկցվում է ՌԴ-Արևմուտք բավական խոր և սուր դիմադրության պայմաններում, ՀՀ իշխանությունների որոշակի հայտարարություններն էլ կրակի վրա յուղ են լցնում:
Խոսելով Թուրքիա փրկարարներ ու ցամաքային սահմանով հումանիտար օգնություն ուղարկելու մասին՝ Աբրահամյանը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում այն ուռճացված է դիտարկվում: Աբրահամյանը նաև Արցախի շրջափակմանն անդրադարձավ: Ըստ նրա՝ շրջափակման հետևանքով ավելացող խնդիրներին զուգահեռ, միջազգային հանրության ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է:
Տիգրան Աբրահամյան - Կարծում եմ՝ միջազգային հանրությունը և հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեին լուրջ հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն էլ անդրադարձան պատգամավորներ Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին, եզրահանգելով, որ իշխանությունն այդ օրակարգով է շարժվում, քանի որ գերակա չեն Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրները:
Օհանյանը հայտարարեց՝ քննարկմանը չեն մասնակցել, քանի որ շինծու են համարում:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են, եթե ստորագրեի, չէի լինի այդ մեղադրանքները, մենք հրաժարվել ենք ստորագրել, քանի որ մեղավոր չենք, որևէ շահ որևէ հարցում չենք ունեցել և որևէ շրջանակի հետ պայմանավորվածություն չենք ունեցել: Մեղադրանքը ներկայացրել են, և մենք մեր անմեղությունը կապացուցենք դատարանում և կներկայացնենք մեր հանրությանը:
Սեյրան Օհանյանը հերքեց, թե իր պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված տարածքները զորամասեր են եղել: Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող, ավերված շինություններ էին, շարունակեց Օհանյանը:
Սեյրան Օհանյան - Բանակի ձևավորման սկզբնական հատվածում բոլոր շինություններն օգտագործվել են ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն, բայց ԶՈՒ զարգացման զուգահեռ մենք ստեղծել ենք ավելի լավ շինություններ և մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ քանդված շինությունները դուրս են մնացել: Դրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր են իրականացվում, քան հիմնական ծախսերն էին:
Իսկ ինչու է շուկայականից զգալի ցածր գնով օտարվել այդ տարածքները. Օհանյանը պատասխանեց՝ դրանով նախարարության համապատասխան վարչություններն են զբաղվել:
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց՝ նախ պետք է ապացուցել, որ կադաստրային արժեքից ցածր են վաճառվել:
Հեղինակ՝ Անի Օհանյան