Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանն ընդգծել է Հայաստանում վերոնշյալ ինստիտուտի ներդրման կարևորությունը, և այս համատեքստում օգտակար համարել արաբական փորձի ուսումնասիրման ու փորձի փոխանակման հնարավորությունը։ Նախարարը նշել է, որ հարցը քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ և վերջինս պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն տրամադրել։
Աբդելլաթիֆ Աբուքուրահը մանրամասներ է ներկայացրել համակարգի ստեղծման ու կառավարման գործընթացից՝ անդրադառնալով նաև կիրառվող հիմնական գործիքակազմին, պետության հետ համագործակցությանն ու առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև հասարակության շրջանում համակարգի գործարկման վերաբերյալ առկա դրական արձագանքի կարևորությունը։
Նախարարն արաբական կողմին առաջարկել է ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող հարցերի շուրջ Հայաստանում անցկացնել հանդիպում՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Դուբայ» ապահովագրական ընկերության մասնակցությամբ։ Առաջարկվել է դիտարկել նաև հայկական ապահովագրական շուկայում «Դուբայ» ապահովագրական ընկերության հնարավոր ներգրավվածության հնարավորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային քննարկումների միջոցով ընթացք տալ ձեռք բերված պայմանավորվածություններին։