ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ծրագրի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզին։
Ողջունելով հյուրերին՝ Սարգսյանը մատնանշել է ծրագրի աջակցությամբ ոստիկանության բարեփոխումների մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ արդեն իսկ արձանագրվում են դրական արդյունքներ։
Ներքին գործերի նախարարի տեղակալը, կարևորելով ձևավորված սերտ հարաբերությունները, փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։
Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեցին համատեղ իրականացրած աշխատանքների շնորհիվ ձևավորված պարեկային ծառայության գործունեության, արձանագրած հաջողությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով լսել նաև հնարավոր խնդիրները, ինչպես նաև այս պահին առկա կարիքները։
Կողմերը քննարկեցին նոր ձևավորվելիք ջրային պարեկային ծառայության ուղղությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների, ենթակառուցվածքների ստեղծման ու ջրային տեխնիկայի ձեռքբերման մասին հարցեր։
Անդրադարձ կատարվեց նաև մարզերում ձևավորվելիք քրեական ոստիկանության ստորաբաժանումների ու ոստիկանական գվարդիայի գործունեության, կադրային քաղաքականության և այլ իրավապահ կառույցների հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։