Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին մասնակցել է Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Մոնակոյի իշխանի բարձր հովանու ներքո տեղի ունեցող ամենամյա այս միջոցառումն այս տարի կրում է «Լո՛ւյս» խորագիրը և նվիրված է Հայաստանին։
Վիզուալ արվեստների ցուցադրությանը պատվավոր հյուրերի կարգավիճակով մասնակցում և իրենց արվեստի գործերն են ներկայացնում վեց հայազգի արվեստագետներ։
Փետրվարի 10-24-ն անցկացվող այս սալոնի ընթացքում տեղի կունենան նաև Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված համաժողովներ և քննարկումներ։
Սալոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր բացման խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը խոր երախտագիտություն է հայտնել Մոնակոյի կողմից Հայաստանին ու հայկական մշակույթին ցուցաբերված բացառիկ ուշադրության և գնահատանքի համար։
Միջոցառման շրջանակներում Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպանն անդրադարձել է շուրջ երկու ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման փաստին և դրա հետևանքով Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին։