Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում լուսավորման համակարգերի արդիականացման լայնածավալ ծրագրեր են իրականացվում։ Այդ մասին զեկուցվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Արդեն իսկ նոր ու ժամանակակից լապտերներով են կահավորված «Հանրապետության հրապարակ» կայարանն ու հարակից տարածքները:
***
Առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ: Հարկ է նշել, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները քաղաքացիները վարչական շրջանների սպասարկման տարածքներում կարող են իրականացնել քարտային համակարգի միջոցով:
***
Աջափնյակ վարչական շրջանում կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու համար ընթացիկ տարում կանցկացվի ոռոգման նոր համակարգ, և կկառուցվի նոր պոմպակայան:
***
2023 թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Մշակվել է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ. կառույցն իր հնարավորություններով բացառիկ է լինելու:
***
Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Ծրագրի շրջանակում կկազմվի հուշարձանների ցանկ, կընտրվեն ցուցանակների էսքիզային տարբերակները, կմշակվեն եռալեզու տեքստեր:
***
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում:
***
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ընթացքի մեջ են 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Նախագծի շրջանակում նախակրթարաններում ապահովվում են էներգաարդյունավետ և անվտանգ պայմաններ:
***
Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ: Հանձնարարվել է համատիրություններին հորդորել, որ բնակիչների հետ սերտ գործակցությամբ գործընթացն ակտիվացնեն: Մայրաքաղաքում առկա 13123 մուտքից 6814-ում բացակայում են փականները: