ԱԺ ճեպազրույցներում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն:
«Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին ու առաջարկի օգնություն, համաձայնության դեպքում՝ օգնի»,- ասաց Խանդանյանը:
Հարց հնչեց, թե ինչու հնարավոր չէ Արցախ հումանիտար օգնություն ուղարկել, իսկ Թուրքիայի հետ փակ սահմանով հնարավոր է:
«Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի «բնապահպանները»՝ Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու, Արցախի ժողովրդին ահաբեկելու համար: Հայաստանի և Թուրքիայի սահմանը Թուրքիայի կողմից միակողմանի փակ է: Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, և Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկելու առաջարկ է արել Թուրքիային:
Թուրքիան համաձայնել է և բացել իր կողմից փակված սահմանը: Այո՛, մարդասիրական համատեքստում այս փոխհարաբերությունները կարող են անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դինամիկայի վրա»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: