Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տերունական տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։
Օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե եկեղեցում կատարվել է Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել նախատոնակ, որից հետո կատարվել է տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե եկեղեցու Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին:
Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվել է դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր ձեռամբ Հայոց Հայրապետի, վառվել է Տեառնընդառաջի խարույկը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Այս կապակցությամբ փետրվարի 14-ին՝ եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: