ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիֆիթսը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներն աղետի գոտիներում գրեթե ավարտված են: Նրա խոսքը մեջբերում Է Reuters-ը։
Պաշտոնյան հայտնում է, որ շուտով ՄԱԿ-ը Սիրիայի կառավարության հսկողության տակ գտնվող շրջաններից օգնություն կուղարկի ապստամբների կողմից վերահսկվող երկրի հյուսիս-արևմուտք, որը նույնպես տուժել է երկրաշարժից: Գրիֆիթսն ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է տուժածներին շտապ ապահովել կացարանով, սնունդով, դպրոցական կրթությամբ և հոգեբանական օգնությամբ:
Sky News-ն էլ հայտնում է, որ բրիտանական կառավարությունը նախատեսել է ուսումնասիրել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի թուլացման հարցը, որպեսզի դյուրացնի երկրի երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացը: Այս մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ռիչարդ Հոլդենը։