ՀԱՊԿ-Ը ՊԵՏՔ Է ԼՈՒԾԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Մինսկում կայացել է Բելառուսի և ՀԱՊԿ խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Լուկաշենկոն ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին։ Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է լուծի գոյություն ունեցող խնդիրները, այդ թվում՝ անդամ երկրների սահմաններին:
«Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան, այնտեղ խնդիրներ կան։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել ՀԱՊԿ-ն այս դժվարին ժամանակներում»,- ասել Է Լուկաշենկոն Իմանգալի Տասմագամբետովի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հետ հակամարտությունը վերաբերում է բոլորին և, հետևաբար, անհրաժեշտ է ավելի միավորել դաշնակիցներին։ «Ոչ ոք չի դրդում պետություններին գործել իրենց ազգային շահերին հակառակ, բայց մենք՝ որպես դաշնակիցներ, պետք է միասին լինենք»,- ասել է Բելառուսի նախագահը:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՇՏԱՊ ՀԵՌԱՆԱԼ ՌԴ-ԻՑ
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին շտապ լքել այդ երկիրը՝ զորահավաքի վտանգի պատճառով։ Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չընդունել Ռուսաստանում գտնվող ամերիկացիների երկքաղաքացիությունը, նրանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, ինչպես նաև զորակոչել նրանց՝ թույլ չտալով հեռանալ Ռուսաստանից։ Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական առաքելությունը համերկրացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինայի հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով։ Նշվում է նաև, որ «Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին սովորական կամ շտապ ծառայություններ մատուցելու ամերիկյան կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են»:
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանը լքելու ամերիկացիներին ուղղված կոչին: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի համոզմամբ՝ նման հայտարարությունները նորություն չեն:
«Առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու նման կոչեր։ Դրանք նաև պետքարտուղարությունից բազմիցս հնչեցվել են վերջին շրջանում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատան կոչի մեջ հիշատակվում են նաև այն անձինք, որոնք ռուսական և ամերիկյան քաղաքացիություն ունեն։ «Այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, առաջին հերթին մեզ համար Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, թե ինչ երկրորդ երկրի քաղաքացիություն ունեն»,- ընդգծել է Պեսկովը:
ՍԱՆԴՈՒՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ
Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրի տարածքում ծրագրվող դիվերսիոն գործողությունների մասին: Մայա Սանդուի խոսքով՝ դրանց նպատակը պետական հեղաշրջում իրականացնելն է: Նախագահը հայտարարել է, որ ծրագրվում են գործողություններ ռազմական պատրաստվածությամբ դիվերսանտների ներգրավմամբ, որոնք կգրոհեն պետական շենքերը՝ պատանդներ վերցնելով։ Սանդուն շեշտել է, որ Մոլդովայում հեղաշրջման փորձեր արվել են նաև նախորդ աշնանը։ Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվան փորձում է Մոլդովայում ապակայունացնել իրադրությունը:
ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Քրդական Կարմիր մահիկի և Medico International իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներն ահազանգում են, որ մարդասիրական օգնությամբ բեռնված իրենց շարասյունը չի կարողանում հումանիտար բեռ հասցնել Թուրքիայում երկրաշարժից տուժած բնակչությանը: Նրանց տարածած հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի անցակետի մոտ նրանց ասվել է, որ կթույլատրեն շարունակել ճանապարհն ու հումանիտար օգնությունը հասցնել տեղ միայն այն դեպքում, եթե օգնության պարագաների առնվազն կեսը հանձնվի անցակետում: Կազմակերպությունների աշխատակիցները հայտարարել են, որ հումանիտար օգնությունը ներառել է վրաններ, ներքնակներ, ծածկոցներ, մանկական սնունդ, դեղորայք և շտապօգնության երկու մեքենա: