Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատան կոչն ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ռուսաստան չայցելելու և այդ երկրից հեռանալու մասին նորություն չէ, նման կոչերը մեկ անգամ չէ, որ հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ամերիկյան դեսպանատունը դիմում է նաև ռուսական և ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց։ «Այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, մեզ համար առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներ են՝ անկախ նրանից, որ երկրորդ քաղաքացիություն ունեն»,- ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել իր քաղաքացիներին, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ ուկրաինական հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Ռուսաստանի տարածքում, շտապ հեռանալ այդ երկրից: