Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է շուրջ 8,5 հազար մարդ՝ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը և ընդգծել, որ այդ թվերը դեռ կարող են աճել։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29.605-ի, վիրավորների թիվը հասել է 147.934-ի: Ըստ թուրքական իշխանությունների՝ երկրի տասը նահանգում մոտ 8000 շենք ենթակա է քանդման: Թուրք վերլուծաբանները երկրաշարժի տնտեսական վնասը գնահատել են 84 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 10%-ը, գրում է Bloomberg-ը։ Այդ գումարի հիմնական մասնաբաժինը՝ շուրջ 70 միլիարդ դոլարը, բնակարանների կորուստն է:
Ենթակառուցվածքներին հասցված վնասի և ազգային եկամտի կորստի վնասը գնահատվել է 10,4 մլրդ դոլար։ Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, փրկարարներին հաջողվում է ավերիչ երկրաշարժից մեկ շաբաթ անց անգամ փլատակներից ողջ մարդկանց դուրս բերել:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԴԱՆԱ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեկնել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ ավերիչ երկրաշարժից հետո խոշոր ավերածություններ են տեղի ունեցել: Նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Հունաստանն առաջին երկրներից է, որն օգնություն է առաջարկել Թուրքիային երկրաշարժից հետո: Չավուշօղլուն հիշեցրել է, որ հունական կողմն անմիջապես Թուրքիա է ուղարկել որոնողափրկարարական խմբեր և բազմաթիվ ինքնաթիռներ՝ մարդասիրական օգնությունով։
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Դենդիասի այցը երկրաշարժի գոտի Թուրքիայի հետ Հունաստանի և հույն ժողովրդի համերաշխության արտահայտություն է։ Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարարն անձամբ է ժամանել Ադանա՝ օգնություն հասցնելով Թուրքիային։
«Հուսով եմ՝ մենք ջանքեր կգործադրենք երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու համար։ Երախտագիտությունն եմ հայտնում իմ ընկեր Նիկոս Դենդիասին, Հունաստանի կառավարությանը և հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Չավուշօղլուն։
ԱՄՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽՈՑՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԹՌՉՈՂ ՕԲՅԵԿՏ
Պենտագոնը հայտարարել է, որ Հուրոն լճի օդային տարածքում F-16 կործանիչով խոցել են ևս մեկ թռչող օբյեկտ՝ նույն օբյեկտը, որը երևացել է Մոնտանայի երկնքում: ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի խոսքով՝ Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքում վերջին օրերին հայտնված օբյեկտները խոցվել են՝ ելնելով զգուշավորությունից: Օրեր առաջ Չինաստանին պատկանող օդապարիկը խոցելուց հետո ԱՄՆ իշխանություններն ավելի ուշադիր են հսկում երկրի օդային տարածքը:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Իսրայելական կործանիչները գիշերը հարվածել են Գազայի կենտրոնում գտնվող ստորգետնյա ռազմական օբյեկտի: Լրատվամիջոցները փոխանցում են, որ Իսրայելն այդկերպ պատասխանել է շաբաթ գիշեր ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող պաղեստինյան անկլավից հրթիռի արձակմանը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ստորգետնյա զենքի օբյեկտը դետալներ է արտադրում հրթիռների արտադրության համար և ղեկավարվում է ՀԱՄԱՍ խմբավորման կողմից:
ԿԻՊՐՈՍԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Կիպրոսի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրություններում: Քվեաթերթիկների 99,5%-ը մշակելուց հետո Խրիստոդուլիդիսը ստացել է ձայների 51,9%-ի աջակցությունը, իսկ նրա մրցակից Անդրեաս Մավրոյանիսը` 48,1%-ը։ Վերջինս արդեն ընդունել է իր պարտությունը։