ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի հայտնել Է Le Figaro-ն՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Լունգեսկուին:
«Գլխավոր քարտուղարի մանդատը երկարաձգվել է երեք անգամ, և նա այդ պաշտոնում աշխատել է գրեթե ինը տարի»,- ասել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ «Ստոլտենբերգը իր մանդատի նոր երկարաձգում խնդրելու մտադրություն չունի»։
Թերթը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացրել երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Ենս Ստոլտենբերգի հնարավոր իրավահաջորդների մրցավազքն արդեն սկսվել է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու են դիտարկում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, գրում է Daily Mail-ը:
Բացի այդ, Մեծ Բրիտանիայից այդ պաշտոնում կարող են առաջադրել երկրի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնին և Թերեզա Մեյին: Միևնույն ժամանակ, լրագրողներն ընդգծել են, որ Ֆրանսիան կարող է վետո դնել ցանկացած բրիտանացի թեկնածուի վրա:
Daily Mail-ը նշել է նաևՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մյուս հավանական թեկնածուների անունները, որոնց թվում են՝ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն, Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:
Վաշինգտոնը, իր հերթին, պաշտպանում է Կանադայի փոխվարչապետ Քրիստյա Ֆրիլանդի թեկնածությունը, ամփոփել է պարբերականը: