Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Կանադայի հետ սահմանին՝ Միչիգան նահանգի Հուրոն լճի տարածքում, մոտ 6 հազար մետր բարձրության վրա խոցել է հերթական թռչող օբյեկտը, հայտնում է Interfax-ը:
Ռայդերը նշել է, որ օբյեկտը չի գնահատվել որպես ռազմական սպառնալիք երկրի վրա որևէ օբյեկտի համար, բայց վտանգավոր է համարվել թռիչքների համար, այն ուներ նաև հսկողություն իրականացնելու հնարավորություն:
Ներկայիս օբյեկտը դարձել է չորրորդը, որը խոցվել է ԱՄՆ-ի և Կանադայի տարածքների վրա: Ավելի վաղ երկուսը ոչնչացվել էին Հարավային Կարոլինայի ափերի մոտ և Ալյասկայի երկնքում, երրորդը՝ Կանադայի օդային տարածքում՝ Յուկոնի վրայով թռչելիս:
Գեներալը հայտարարել է, որ որոշված չէ վերջին երեք օբյեկտի արտադրության երկիրը՝ ի տարբերություն առաջինի, որը Պենտագոնը խոցեց անցյալ շաբաթ՝ հայտարարելով, որ չինական օդապարիկը հետախուզական էր:
ԱՄՆ-ի օդային տարածքում թռչող օբյեկտի հայտնվելը հանգեցրեց երկու երկրի միջև դիվանագիտական սկանդալի, ինչի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգեց փետրվարի սկզբին նախատեսված այցը Պեկին՝ Չինաստանին մեղադրելով Միացյալ Նահանգների «ինքնիշխանությունը խախտելու» համար:
Չինական կողմն էլ հայտարարեց, որ օդապարիկը օդերևութաբանական էր և ԱՄՆ-ի տարածքում էր հայտնվել ֆորսմաժորային հանգամանքներով: Օդապարիկի խոցման դեմ Պեկինը պաշտոնական բողոք է հայտնել, իսկ ՉԺՀ-ի պաշտպանության նախարարը հրաժարվել է Պենտագոնի ղեկավարի հետ զրույցից: