«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն B+ վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից փոխելով դեպի «դրական»: Վարկանիշի հեռանկարի բարելավումը հիմնավորել են տնտեսության դրական դինամիկայով և բարձր տնտեսական աճով: Դրան նպաստել են մարդկանց և կապիտալի զգալի ներհոսքը, հարկային եկամուտների գերակատարումն ու պարտքի բեռի նվազումը, տնտեսության արտաքին դիրքի բարելավումը:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Հեռանկարի փոփոխությունը սպասելի էր, դա եթե հաշվի առնենք ներկայիս զարգացումներն ու անորոշությունները, ինչպես նաև ռեցեսիոն իրավիճակները աշխարհում, նաև ինչու չէ տարածաշրջանում, էդ տեսանկյունից դա բավական դրական գնահատական է:
Գործակալությունն ընդգծել է, որ նաև բյուջեի դեֆիցիտի զգալի նվազում է նկատվել՝ պայմանավորված հիմնականում հարկային եկամուտների բարձր աճով: Արդյունքում՝ 2022 թվականին բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 2.2%, 2021-ին ցուցանիշը 4.6% էր: Բացի այդ, կառավարության պարտքը 2022 թ. նվազել է գրեթե 13 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ-ի 47.6%-ը: «Ֆիթչի» կանխատեսումներում նշվում է, որ միջնաժամկետ հատվածում ցուցանիշը չի փոխվի:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ըստ էության, վարկանիշը, որը տրվել է կամ փոփոխությունը դրական որոշակի դրական սպասումների մասին է առաջիկայում և ըստ էության դա արտացոլում է երկրի տնտեսական միջավայրը, բյուջետային, հարկաբյուջետային առումով, քաղաքական առումով, ներդրումների առումով, պետական պարտքի առումով և այլն և էս առումով որոշակիորեն կարելի է ասել, որ ավելի գրավիչ և հեռանկարների առումով ավելի կայուն է դարձել:
«Ֆիթչի» գնահատականն ազդակ է, որ կառավարությունը վստահելի վարկառու է, նշում է ֆինանսների փոխնախարարը:
Էդուարդ Հակոբյան - Եթե պետության վարկանիշը բարձր է, դա նաև իր անուղղակի ազդեցությունն է ունենում մասնավոր հատվածի վրա, այսինքն՝ եթե մասնավոր հատվածը որոշի օրինակ՝ ֆինանսներ ներգրավել արտաքին աշխարհի, էդ տեսանկյունից ավելի դրական պայմաններով կարող է ներգրավել:
Դրական է գնահատվել նաև կապիտալի ներհոսքի պայմաններում արտաքին դիրքի բարելավումը, ինչը նպաստել է նաև արտարժութային պահուստների ավելացմանը:
Էդգար Աղաբեկյան - Որպես ներդրումային վարկանիշ՝ ռեյտինգը, երկրի սուվերեն վարկանիշը ամենակարևոր գործոններից մեկն է, որովհետև ինքն ըստ էության ազդում է երկրի ռիսկի վրա, ազդում է երկրում ներդրողների նաև եկամտաբերության ակնկալիքի, ռիսկի որոշակի գործոնների վրա իրենց դիտարկմամբ, և էս առումով էս փոփոխությունը, կարծում եմ՝ որոշակիորեն դրական կազդի միջավայրի վրա:
«Ֆիթչը» այս տարվա համար Հայաստանում 6.1 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Կառավարության թիրախը 7 տոկոսն է:
Էդուարդ Հակոբյան - Եթե նախկինում «Ֆիթչը» գնահատում էր, որ մարդկանց և կապիտալի ներհոսքը կարող է ժամանակավոր լինել, այսինքն ռիսկեր կա, որ կարող է ժամանակավոր լինել, ներկայումս «Ֆիթչը» նույնպես փաստում է, որ դրանք երկարաժամկետում, այսինքն առաջիկա 2-3 տարիներին կպահպանվեն և դա է պատճառը նաև, որ առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները բարելավված են»:
Գործակալությունը նշել է նաև վարկանիշի հետագա բարելավմանը նպաստող գործոնները, որոնք են՝ միջնաժամկետ հատվածում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի շարունակական նվազումը և կապիտալի զգալի ներհոսքի արդյունքում արտաքին դիրքի բարելավման պահպանումը: Մասնագետները վստահ են, որ առաջիկայում Հայաստանին վարկանիշ շնորհող «Մուդիս» և «Ստանդարտ ընդ փուրս» գործակալությունները ևս մեր երկրի գնահատականները կբարելավեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան