Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական փոխգործակցությունը զարգացել է բարեկամական մթնոլորտում` ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցության համար, նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը` Ազգային ժողովում հյուրընկալելով Կորեայի Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:
«Ցանկանում եմ կարևորել մեր երկրների խորհրդարանների միջև կապերի խորացումը և խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես միջպետական հարաբերությունների զարգացման կարևոր միջոց: Այս հարցում կարևոր խթան կհանդիսանա Երևանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը»,- ասել է նա:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օգնության համար և հավելել, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) հետ համագործակցությունը վերսկսելու ցանկություն կա: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը:
«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ»,- կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը և խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` նշել է պատգամավորը: Նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված հումանիտար աղետի հետևանքները` այս հարցում ակնկալելով նաև կորեացի գործընկերների արձագանքը:
Ծովինար Վարդանյանն անդրադարձել է «ՀՀ կառավարության և ԿՀ կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին` տեղեկացնելով, որ հայկական կողմը շուտով կավարտի ներպետական ընթացակարգերը, և այն կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն իր հերթին կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի խթանման հարցում` ընդգծելով, որ հաճախ միջպետական մակարդակով անլուծելի խնդիրները հնարավոր է հաղթահարել օրենսդիրների մակարդակով: Համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով` Սոն Կիհունը նշել է, որ իր երկրի կառավարությանը կփոխանցի հայկական կողմի մտահոգություններն ու առաջարկները:
Բարեկամական խմբի անդամ Սոնջու Կիմը, կարևորելով խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, այս համատեքստում բարձր է գնահատել ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը:
Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է համագործակցության չօգտագործված հսկայական ներուժ մի շարք ոլորտներում, և պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են երկու երկրների մշակութային և պատմական առնչություններին, երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը: Մի շարք ոլորտներում, մասնավորապես, բանակում իրականացվող բարեփոխումներում ընդգծվել է կորեական լավագույն փորձի ուսումնասիրումն ու փորձի փոխանակումը: Նրանք հույս են հայտնել, որ Կորեան կաջակցի Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության սկզբունքների հիման վրա, ԼՂ ժողովրդին` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հարցում:
Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Խաչատրյանը, Թագուհի Ղազարյանը, Նարեկ Բաբայանը և Արուսյակ Ջուլհակյանը: