Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին շտապ հեռանալ այդ երկրից՝ զորահավաքի վտանգի պատճառով։
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չընդունել Ռուսաստանում գտնվող ամերիկացիների երկքաղաքացիությունը, նրանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, ինչպես նաև զորահավաքի ենթարկել և թույլ չտալ նրանց հեռանալ Ռուսաստանից։
Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական առաքելությունը համերկրացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինայի հակամարտության «անկանխատեսելի հետևանքների» պատճառով։ Նշվում է նաև, որ «Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին սովորական կամ շտապ ծառայություններ մատուցելու ամերիկյան կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են»:
Միաժամանակ Ռուսաստանը բազմիցս հերքել է երկրորդ զորահավաքի մասին լուրերը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում զորահավաքի նոր ալիքի կարիք չկա։