«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախ ուղարկված 100 տ սննդամթերքի 60 տոննան տեղ է հասցվել: Արցախին հրատապ հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը քննարկվել էր 2022-ի դեկտեմբերին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում: Սննդամթերքը Գորիս էր տեղափոխվել 2 շաբաթ առաջ, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով բեռը Արցախ չէր հասել: Եվ միայն անցած շաբաթ է դրա կեսից ավելին ուղարկվել: Հայկակ Արշամյանի խոսքով՝ հիմնադրամը շարունակելու է մարդասիրական աջակցությունը արդեն երկու ամիս շրջափակված Արցախին:
Հայկակ Արշամյան (Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Նաև նոր ծրագիր ունենք նման մթերքի տեսքով Արցախի ներկայացուցչությանը նվիրաբերելու: Մեր ձեռքը զարկերակին է, մշտապես կապի մեջ ենք Արցախի հետ՝ հասկանալու և աջակցելու: Վստահեցնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հսկայածավալ գործ է անում հենց հումանիտար աջակցության առումով: Ընդհանուր 300 հազար դոլար, բայց էլի գումար ունենք, բանակցում ենք Արցախի իշխանությունների հետ՝ ինչով կարող ենք հավելյալ օգտակար լինել:
Հիմնադրամն առաջիկայում նաև առաջին անհրաժեշտության դեղորայք կնվիրաբերի Արցախին: Արշամյանը մանրամասներ չներկայացրեց, բայց հավաստիացրեց, որ դեղամիջոցների բավականին մեծ խմբաքանակ արդեն գնված է: Հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձավ նաև Արցախում լայնածավալ բնակարանաշինությանը, որը կիսատ է մնացել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Արցախում հիմնադրամի միջոցով կառուցվում է 1100 բնակարան և տուն, որից 300-ը շահագործվել են, ևս 300-ը գրեթե պատրաստ են:
Հայկակ Արշամյան - Էդ ընկերությունները նախ շինանյութ պետք է ներմուծեն, միաժամանակ աշխատուժի մեծ մասը Հայաստանից էր գնում: Էդ մարդիկ բլոկադայի մեջ են մնացել: Այս պահին շինարարությունները սառեցված են: Պետք է քննարկել, հասկանալ մեխանիզմները, հասկանանք՝ ինչպես կարող ենք հնարավորություններ ստեղծել, որ այդ շինծրագրերն ավարտվեն:
Երկրաշարժից տուժած Սիրիայի հայ համայնքին էլ հիմնադրամը հատկացրել է 100 հազար եվրո: Արշամյանի խոսքով՝ Սիրիայում և Լիբանանում հիմնադրամն ընդհանրապես ծրագրեր է իրականացնում հայկական կրթական հաստատությունների պահպանման համար: Մշտական կապի մեջ են Սիրիայում Հայաստանի դեսպանի հետ: Արշամյանի խոսքով՝ կարիքի դեպքում և հավելյալ օգնության համար պատրաստ են դրամահավաքի փոքր արշավ սկսել:
Հայկակ Արշամյան - Սիրիայում 22 հայկական կրթօջախ կա, մանկապարտեզ, վարժարան, դպրոց, որոշեցինք, որ մոտ 1100 աշխատակից ունեն, դրամական աջակցություն կցուցաբերենք, գումարի մի մասն էլ՝ Հալեպում վնասված կրթօջախների նորոգման համար: Միայն Հալեպում 15 կրթօջախներ կան, աջակցություն կտրվի, մի մասը Դամասկոսում է, Լաթաքիայում, Քեսաբում:
Հիմնադրամը 2023-ին կշարունակի զարգացման ծրագրերը նաև Հայաստանի տարբեր սահմանային համայնքներում՝ 6-7 միլիոն դոլար բյուջեով: Կանադայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում կկառուցվի 4 ամբուլատորիա: Վարդենիսում կառուցվում է մանկապարտեզ, Սևանում նախատեսվում է նոր երաժշտական դպրոց ունենալ: Կնորոգվեն Բերդի և Նոյեմբերյանի հիվանդանոցները, Բերքաբերում կանցկացվի արտաքին լուսավորություն: