2022 թվականին Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմել է ավելի քան 25.000 մեր հայրենակից: Սա ռեկորդային թիվ է 1991-ից ի վեր: Հայրենադարձության տեմպերը վերջին շրջանում տարեցտարի աճում են: 2018-2021 թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել հայրենիք վերադարձած 40.000 հայ՝ 45 երկրից: Տարիներ շարունակ քաղաքացիության համար ամենաշատ դիմողները եղել են Մերձավոր Արևելքի՝ Սիրիայի, Լիբանանի հայ համայնքներից: Թերևս, նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, 2022-ին ամենաշատը դիմել են Ռուսաստանից:
Հովհաննես Ալեքսանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ) - Հայրենադարձության գրասենյակը 2022-ին ստացել է շուրջ 10.000 դիմում հայրենադարձության տարբեր թեմաներով, հայրենադարձության տարբեր փուլերին վերաբերող, ինչը աննախադեպ ցուցանիշ է եղել գրասենյակի պատմության մեջ, և այդ ցուցանիշը անշուշտ այս տարի շարունակման տենդենց ունի, և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդեն կարող է փետրվարի վերջից-մարտ ամսից գործարկել հայրենադարձության ինտեգրման կենտրոնը:
Հայրենադարձության գործընթացի մեջ ներառվում են ընտանիքներ ինչպես զարգացած, այնպես էլ տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող երկրներից: Շատերը ունենում են բնակարանի, երեխաներին դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելու, աշխատանք գտնելու, սահմանով անձնական բեռը տեղափոխելու խնդիրներ:
Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ Միջին և Մերձավոր Արևելքի հայկական համայնքներն այսօր դիմագրավում են մեծ փորձությունների:
Հովհաննես Ալեքսանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջերս հեռավար հանդիպում ունեցավ իսրայելական, Իսրայելի հայ համայնքի տարբեր հաստատությունների և անհատների հետ, անշուշտ նաև քննարկվեց այստեղ տեղ գտած բռնություններն ու հարձակումները հայ անձանց և հաստատությունների վրա: Անշուշտ խոսքը վերաբերում է ծայրահեղ օրթոդոքս հատվածին, որոնք աչքի են ընկնում այդպիսի գործողություններով, և ցանկանում եմ նշել, որ այդ գործողությունները ուղղված չեն զուտ հայերի դեմ, նրանք ուղղված են նաև քրիստոնյաների դեմ:
Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիայից դեռևս մեկ ընտանիք է հրապարակավ դիմել ՀՀ կառավարությանը մեր երկրում բնակություն հաստատելու համար: Ենթադրվում է, որ նման դիմումներ էլի կլինեն:
Հովհաննես Ալեքսանյան - Այս պարագայում, անշուշտ, ՀՀ-ում սփյուռքի հանձնակատարի գրասենյակը գործընկերների հետ կփորձի այսպիսի ընտանիքների, տվյալ դեպքում՝ այս մի ընտանիքն է առայժմ հրապարակային դիմել, կեցության որոշակի ծախսերը կամ միջոցներ հոգալ նրանց համար կամ կեցության վայր գտնել նրանց համար:
Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում այս պահի դրությամբ հաստատված 11 հայազգի զոհ է գրանցվել, իսկ Սիրիայում՝ 2:
Հեղինակ Լիանա Խաչատուրյան