Արտադրական ու արտահանման ծավալների կրկնապատկում, նոր աշխատատեղերի ստեղծում ու նոր շուկաների ներգրավում. Կառավարությունը հաստատել է տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թթ. ծրագիրը: Նախատեսում են ստեղծել ոլորտային օպերատորը, որը կստանձնի ռազմավարությունը կյանքի կոչելու գործը: Ռազմավարության մեծ մասը տեքստիլի ու հագուստի արտադրության ծավալների մեծացմանն է առնչվում: 2021-ի տվյալով տեքստիլի ոլորտում արտադրական ներուժը հասել է 6 մլրդ դրամի:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 22 թվականին մենք հատել ենք 200 մլն դոլարի սահմանը՝ արտահանում ունենք տեքստիլի, ու եթե հաշվի առնենք, որ 10 տարի առաջ ընդհանրապես չունեինք, ինքը բավական լավ ցուցանիշ է: Ոլորտում կա 11 հազարից ավելի զբաղված մարդ, և այս առումով հասկացանք, որ ոլորտում թե՛ պոտենցիալ կա, ակտիվ աճում է, թե՛ որոշակի խումբ մարդիկ արդեն ակտիվորեն ներգրավված են, և էդտեղ արտադրողականության խթանման հարց ունենք:
Զարգացման ծրագրում Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է 10 հիմնական միջոցառում: Նպատակ ունեն զարգացնել ինստիտուցիոնալ ու կրթական դաշտը, բիզնես գործընթացները, ապահովել տեխնոլոգիական վերազինումը, բրենդների զարգացումը, մատակարարման շղթայի դիվերսիֆիկացումը: Իսկ այս ամենի արդյունքում, ըստ ռազմավարության, 2026 թվականի ավարտին Հայաստանից տեքստիլի արտահանումը կկրկնապատկվի՝ հասնելով 536 մլն դոլարի, արտադրողականությունը կաճի մոտ 2, աշխատողների թիվը՝ ավելի քան 1.5 անգամ:
Ռազմավարությունն ավելի արդյունավետ դարձնելու համար նախարարությունը գործակցել է տեղական արտադրողների հետ: Մանկական հագուստ արտադրող ընկերությունը քննարկումների ընթացքում մասնագետների պակասն է հատուկ ընդգծել:
Լևոն Դավթյան (մանկական հագուստ արտադրող ընկերության համահիմնադիր, տնօրեն) - Հենց ստեղծման առաջին օրվանից բախվեցինք էդ խնդրին և փորձեցինք ինքներս ուսումնական կենտրոն ստեղծել, գոնե ինչ-որ չափով մեղմել և, ինքներս մեր վրա վերցնելով, լուծել այդ խնդրի լուծման բանալին: Ուսումնական կենտրոնից կան մեր մոտ ուսանողներ, որոնք 1, 2, 3 տարի աշխատում են մեր արտադրամասում:
Կրթական բլոկը ռազմավարության հաջորդ խոշոր ուղղությունն է: Տեքստիլի ոլորտում թե՛ բարձր, թե՛ ցածր որակավորում ունեցող աշխատուժի բաց կա, և դա լրացնելու համար նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում փոփոխություններ են արվելու, ըստ որոնց՝ կրթական գործընթացը կազմակերպվելու է հենց աշխատավայրում:
Արմենուհի Պողոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար) - Պետք է ներուժը գտնենք նաև և գործարար համայնքում, և համագործակցության եզրեր գտնենք գործատուների հետ, որովհետև դուալ ուսուցումը ենթադրում է գործատուի պարտադիր մասնակցություն, և դա վերաբերում է ինչպես բուն ուսումնական գործընթացի կազմակերպմանը հենց գործատուի մոտ՝ արտադրության մեջ, այնպես էլ կրթական ծրագրի մշակման մեջ:
Տնտեսվարողների մեծ մասն աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի առաջարկին դրական է արձագանքել, պատրաստ է գործակցության: Ընկերության հիմնադիրները մեկ այլ խնդիր են մատնանշում՝ հումքը: Պնդում են՝ գրեթե 99 տոկոսը ներմուծվում է՝ ասեղից ու կոճակից, մինչև թել ու կտոր:
Լևոն Դավթյան - Սա ուղղակիորեն ազդում է գնագոյացման և ինքնարժեքի վրա, ի՛նչ առումով, մենք ինչ-որ չափով դառնում ենք ոչ մրցունակ: Ընդունելի է եղել հենց մեր կոնցեպտը, ստեղծում ենք այնպիսի արժեք, այնպիսի յուրահատուկ զգեստներ, շորեր, տալիս ենք այնպիսի արտադրանք, որը իրոք լինի մրցունակ տեղական շուկայում և արտերկրում:
Ռազմավարության մեջ հումքի արտադրությունը թիրախավորված չէ, նշում է էկոնոմիկայի փոխնախարարը, բայց նաև ընդգծում՝ այս ուղղությամբ ևս քննարկումներ և վերլուծություններ եղել են:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Նպատակահարմար էլ չէ ընդարձակ ասել, որ ուզում ենք համ բամբակ աճեցնել, համ թել ունենանք, համ կտոր ունենանք, բայց սեգմենտավորված եթե նայենք, կոնկրետ, օրինակ՝ որոշակի տեսակի կտորների նիշա զբաղեցնելու իմաստով, օրինակ՝ տեխնիկական կտորները կարան շատ հետաքրքիր հնարավորություն լինեն Հայաստանի համար:
Նախարարությունում դիտարկել են նաև ներկրվող հումքով մրցակային արտադրանք ստանալու հարցը, եկել այն եզրակացության, որ հաջողության կարելի է հասնել որակյալ արտադրանքով:
Ռաֆայել Գևորգյան - Ռազմավարությունը չի թիրախավորում, օրինակ՝ ցածր գնային սեգմենտում պարզ արտադրանք թողարկել, որովհետև էդ շուկայում մենք միանշանակ կպարտվենք: Կան խոշոր, կարևոր է նշել՝ երիտասարդ ազգեր, որտեղ աշխատուժի մեծ ռեսուրսի պարագայում աշխատավարձային ֆոնդը բավականին ցածր է, և էկող ժամանակաշրջանի առումով էլ եթե գնահատենք, ապա իրենց հետ մրցակցելը շատ բարդ կլինի: Եթե դու միայն գին ու աշխատավարձային ֆոնդ տրամաբանությամբ սկսես մրցակցել, ստեղ որակական տարբեր կոմպոնենտներ պետք է ավելանան, որը էսօր հայ արտադրողը ունի:
Հայկական ապրանքի որակը ապացուցուցում է գործակցությունը եվրոպական հայտնի ապրանքանիշների հետ՝ շարունակում է Գևորգյանը: Եվ սխալ է տպավորությունը, թե հայկական ապրանքն անորակ է:
Ռաֆայել Գևորգյան - Հայաստանում են կարվում, օրինակ՝ շատերի համար արդեն հայտնի Moncler ապրանքանիշի ներքո վերարկուները, ու երբ արտասահմանյան խանութներ ենք գնում, կարող ենք պիտակի վրա տեսնել՝ «Արտադրված է Հայաստանում»: Հայաստանում են կարվում տարբեր ապրանքանիշներ՝ Max Mara, Prada և մի շարք այլ ապրանքանիշներ:
Մինչև 2026 թվականը նախատեսված է ռազմավարության իրականացման համար ծախսել մոտ 14.5 մլրդ դրամ՝ պետական, դոնոր կազմակերպությունների և մասնավորի սեկտորի դրամական միջոցներ: Այս գումարը կծախսվի լիզինգի սուբսիդավորման, տեխնոլոգիական խորհրդատվության, կրթական և մի շարք այլ միջոցառումների վրա: Իսկ արդյունքում նախարարությունն ակնկալում է, որ 2026-ի վերջին այս ոլորտի հարկային մուտքերը կաճեն առնվազն 19 մլրդ դրամով: