Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ Սիրիայի Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են: «Լուրերի» թղթակիցը Հալեպում հանդիպել է Հայաստանի որոնողափրկարարական ջոկատի հրամանատարի հետ:
Արմեն Գևորգյան (ՀՀ ՆԳՆ որոնողափրկարարական ջոկատի հրամանատար) - Հալեպ ենք ժամանել ամսի 8-ին: Աշխատել ենք որոնողափրկարարական մեկ թիմով: Աշխատել ենք տարբեր տեղամասերում Հալեպի: Առաջին օրը մի տեղում ենք աշխատել, երկրորդ օրն ամբողջ թիմը մեկ այլ տեղամասում է աշխատել:
Մի քանի օր աշխատել ենք 24-ժամյա ռեժիմով: Եղել է նաև, որ գիշերային հանգիստ ենք տվել, քանի որ այն տեղամասը, որտեղ աշխատում էին բոլոր թիմերը, հանգիստ տրվեցին: Աշխատել ենք Իրանի թիմի հետ, սիրիական թիմի հետ, մի փոքր համագործակցել ենք այլ թիմերի հետ, Ալժիրի թիմի հետ:
Ընդհանուր առմամբ շատ լուրջ դժվարությունների չենք հանդիպել, պարզապես եղանակային պայմաններից ելնելով դժվարանում էինք հատկապես գիշերային ժամերին: Ցուրտ եղանակի պայմաններում մի քիչ դժվարանում էինք աշխատել: Ամեն ինչ հաղթահարել ենք, մեր աշխատանքն այս պահի դրությամբ համարում ենք ավարտված: