Թուրքիայում ու Սիրիայում երկուշաբթի գրանցված ավերիչ երկրաշարժի պատճառած վնասը դեռ հնարավոր չէ ճշգրիտ հաշվել, ամբողջ շաբաթվա ընթացքում ավերված շինությունների տակից ողջ մարդիկ ու անկենդան մարմիններ են դուրս բերվում: Այս պահին երկու երկրում զոհերի թիվը գերազանցում է 38 հազարը, որոնողական աշխատանքները չեն դադարում:
Դրանց մասնակցելու համար Սիրիա ու Թուրքիա են մեկնել նաև հայ մասնագետներ ու արդեն հասցրել կյանքեր փրկել: Եթե Սիրիայի դեպքում Հայաստանի Կառավարության որոշումը մեր հասարակությունը ողջունեց, Թուրքիա փրկարարներ ու հումանիտար օգնություն ուղարկելը դարձավ բանավեճի առարկա. մի մասը պնդում էր, որ պատմականորեն հայերին ու Հայաստանը թշնամի ընկալող երկիրը արժանի չէ օգնության, մյուս մասը խոսում էր մարդասիրության կարևորության մասին, ու որ լարված հարաբերությունների դեպքում օգնության համար մեկնած ձեռքը սովորաբար սեղմում են:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն օրինակ երեկ հայտարարեց՝ միշտ կհիշի Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը: Հայաստանի մարդասիրական ժեստը հարաբերությունների կարգավորման համատեքստում դիտարկեց նաև Էրդողանը՝ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում: Բացի այդ, երեկ պատմական իրադարձություն եղավ՝ 30 տարվա փակ սահմանը բացվեց 5 բեռնատարի համար, և Հայաստանի 100 տոննա օգնությունը Թուրքիա անցավ Մարգարայի կամրջով: Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ոգևորիչ համարեց Հայաստանի աջակցությունն ու դրան հետևած դրական արձագանքը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան