Քննիչ Ալեքյանը հիշում է Երևանում անչափահասների մասնակցությամբ գողության դեպքը: 6 հոգանոց խումբը ղեկավարել էր 9-ամյա երեխա: Պատուհանից ներս էին մտել բնակարան, թալանել, ընթացքում սուրճ խմել, կրկին շարունակել գողությունը: 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում չի չհարուցվել, քանի որ հանցանք կատարած անձինք քրեական պատասխանատվության ենթակա են 14 տարեկանից:
Անդրանիկ Ալեքյան (ՀՀ ՔԿ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ) - Աղջկանը ապօրինի մուտք էր, զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվեց, աղջիկ երեխան՝ 16 տարեկան, պարզվեց՝ գողություն նպատակով չի գնացել, հետապնդումը դադարեցվեց, մի տղայի մասով ուղարկվել է դատարան:
2022-ին անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2021-ի համեմատ նվազել են: 2021-ի 337 դեպքի համեմատ 2022-ին արձանագրվել է 297 դեպք: 2021-ին արձանագրված հանցագործություններում ներգրավված է եղել 341, իսկ նախորդ տարի՝ 251 երեխա: Անչափահասների հանցավորության, ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ հանցագործությունների բնույթը տարբեր է՝ անձնական գույքի հափշտակություններ, մարմնական վնասվածքներ, խարդախություն, ավազակություն, խուլիգանություն: Անչափահասների մասնակցությամբ սպանության դեպք 2022-ին չի արձանագրվել:
Էդգար Պետրոսյան (ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ, անչափահասների հանցավորության, ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ) - Խնդիր կա հասարակության անտարբերության մասով: Պետք է այնպես անենք, որ անչափահասների վարքի ռիսկայնությունը նկատվի:
2021-ին անչափահասների հանցագործությունների դեպքի առթիվ հարուցվել է 122 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 142 անձի նկատմամբ, որից 103-ը՝ անչափահաս: 2022-ին հարուցվել է 144 քրեական վարույթ. 100 անձ ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, 58-ը եղել են անչափահաս: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, իրականացվել է համեմատական վերլուծություն՝ հասկանալու անչափահասների ներգրավվամբ հանցագործությունների դեպքերի միտումները:
Հայկ Հովհաննիսյան (դատախազ) - Օրենսդրի կողմից որդեգրվել են երեխաների նկատմամբ առավելագույնս մարդասիրական, երեխայակենտրոն մոտեցում, բոլոր օրենսդրական փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով երեխայի շահերի պաշտպանության կարևոր ուղղությունը:
Մանկավարժների փոխարեն անչափահասի հարցաքննությանը ներգրավվել են Արդարադատության նախարարության հավատարմագրած հոգեբաններ: Մինչև հարցաքննությունը, հոգեբանն իրավունք ունի քննիչի հետ համաձայնեցնել հարցերը, առաջարկել հարցաքննության վայրը, ժամանակը: Իրավունք ունի պահանջել ընդհուպ՝ դադարեցնել հարցաքննությունը, եթե համարի, որ այն կարող է վնասել երեխայի շահերին: Հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը պարտադիր է համարում տուժող անչափահասի հարցաքննությունը խաղային միջավայրում:
Անի Վարդանյան (հոգեբան-փորձագետ) - Անչափահասների դեպքում որպես արդյունավետ հարցաքննության նախապայման հանդիսանում է անչափահասի հետ արդյունավետ կոնտակտի հաստատումը: Հարցաքննության ժամանակ լինում են իրավիճակներ, ինֆորմացիոն այնպիսի առանձնահատկություններ, որոնց դեպքում խնդիր ունենք տեղեկություններ հաղորդելու խոսքային սահմանափակում: Օրինակ՝ երեխան չգիտի որոշակի արտահայտությունների բառային ձևակերպումը, դժվարանում է խոսել, օգնում են խաղերը: Տիկնիկի վրա, օրինակ՝ ցույց է տալիս, որն է մեծ, որը՝ փոքր: Սեռական ոտնձգությունների դեպքում դետալային նյուանսները կարևոր են, բայց անչափահասը դժվար է խոսում, կարևոր է ունենալ տարբեր սեռի տիկնիկներ:
Հոգեբանի մասնակցությունը պարտադիր է նաև երեխայի ներկայությամբ քննչական այլ գործողություններին: Նոր օրենսգրքի պահանջով՝ եթե մեղադրյալն անչափահաս է, դատաքննությունն իրականացվում է միայն դռնփակ: Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած անչափահասի նկատմամբ կարող է ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց միայն այն դեպքում, երբ նա արդեն խախտել է իր նկատմամբ կիրառած այլընտրանքային խափանման միջոցի պայմանները:
Հայկ Հովհաննիսյան - Օրինակ՝ անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, նրա նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, հետո կրկին հանցանք է կատարել, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Սա բացառիկ դեպք է, որ հնարավոր կլինի կիրառել:
Ներքին գործերի նախարարությունը 2023-ը հայտարարել է թմրամիջոցների և ապօրինի զենքերի դեմ պայքարի տարի: Նախատեսվել են այցեր ավագ դպրոցներ: 2022-ին խոշորացույցի տակ էին թափառաշրջիկ, մուրացիկ երեխաները: Իրավապահների տեսադաշտում չհայտնվելու համար գումար հավաքող երեխաները օգտագործել են ինքնագլորներ:
Էդգար Պետրոսյան - Հետաքրքիր անակնկալ էր, դա օգտագործում են, որ արագ տեղաշարժվեն, չնկատվեն, տեսնեն՝ ոստիկան կա, տեսադաշտից կորչեն:
Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների պատճառները տարբեր են. նպաստող հանգամանք են ոչ միայն սոցիալական խնդիրները: Դեպքեր են գրանցվում նաև սոցիալապես ապահովված երեխաների մասնակցությամբ: Իրավապահները կարևոր են համարում երեխաների դաստիարակությունը, ծնողների դերը:
Անդրանիկ Ալեքյան - Թե՛ նախկին, թե՛ ներկայիս քրեական դատավարությունը երեխաների, անչափահասների հետ կապված պատժողական քաղաքականություն չի վարում, այդ պատճառով է, որ մենք սերտ համագործակցում ենք ոստիկանության աշխատակիցների հետ, եթե կան անչափահասներ, որոնք «աչքի են ընկնում», չեն հասնում քրեական պատասխանատվության տարիքի, հստակ օրենքն ասում է, տալիս ենք հսկողության՝ դաստիարակչական բնույթի:
Ոստիկանությունում հաշվառված երեխաները 450-ն են, նրանցից 10-ն են հանցանք կատարել: Հանցագործությունների կանխարգելման համար ոստիկանությունն առաջարկում է արգելել անչափահասներին վտանգ ներկայացնող իրերի վաճառքը: Սահմանել այդ իրերի ցանկը և թույլ չտալ դրանց մուտքը կրթական հաստատություններ:
ԷդգարՊետրոսյան - Նույն աերոզոլային գլանակները, պայթուցիկները, մահակները, կռփազենքը: Ուղղակի արգելք չկա, և հենց այդ առումով նախաձեռնություն ենք ցուցաբերել, քննարկել, որ հանցագործության նպաստող պայմանը վերացնենք:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում այս պահին կալանավորված մեկ անչափահաս կա միայն, դատապարտյալներ չկան: