Շինանյութի հերթական խմբաքանակը պատրաստվում է արտահանման: Այն կուղարկվի հարևան Վրաստան և կարտացոլվի փետրվար ամսվա Հայաստանի և Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության տվյալներում:
Արա Խաչատրյան (շինանյութի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն) - 2022 թվականին մենք ունենք աննախադեպ արտահանման ծավալների աճ՝ 45 տոկոս մոտավորապես, և այս տարի, ընթացիկ տարում մեր տեմպը էլ ավելի բարձր է գնում՝ 55 և ավելի տոկոս արտահանման աճի տեմպերով ենք ընթացիկ վիճակը ու մենք պլանավորել ենք ներդրումներ արտադրական հզորությունների կրկնապատկման և արտադրական պրոցեսների ավտոմատացման ուղղությամբ, որպեսզի կարողանանք այդ աճը սպասարկել մեր մասով:
Նախորդ տարի Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը 5 մլրդ 360 մլն դոլար է եղել, 2021-ի համեմատ 77.7 տոկոսով ավելի: Արտահանման 47.6 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, որի գերակշիռ մասը Ռուսաստանին (45%), 14.4 տոկոսը՝ ԵՄ երկրներին, հիմնականում՝ Նիդերլանդներ (4%) և Բուլղարիա (3.9%), 38 տոկոսը՝ այլ երկրներին՝ ամենից շատ ԱՄԷ (10%), Չինաստան (6.9%):
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Այդ արտահանման, տեսեք՝ մեր գործընկեր երկրները հիմնականում ՌԴ-ն է, ԵԱՏՄ երկրներից Բելառուսի հետ որոշակի աճ է արձանագրվել անցած տարվա ընթացքում, և, կարծում եմ, դա շարունակական կլինի, Ղազախստանի հետ թեև ցուցանիշը ցածր է, սակայն այդ ուղղությամբ ևս որոշակի դրական տեղաշարժեր ակնկալվում են: Հիմնականում Արաբական աշխարհի երկրների հետ որպես նոր աշխարհագրության ուղղություն, Կատարի, ԱՄԷ-ի հետ, աշխատանքներ են տարվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և, բացի դրանից, ԵՄ երկրներից՝ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, բավականին մեծ առևտրաշրջանառություն ենք ունեցել արտահանման մասով:
Հայաստանից հիմնականում արտահանվել են հանքահումքային արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սնունդ, մեքենաներ և սարքավորումներ: Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման բարձր աճին նպաստել է հիմնականում վերաարտահանումը:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Գերակշիռ մասը արտահանվել ա դեպի ԱՊՀ երկրներ, մասնավորապես, նախորդ տարվա համեմատությամբ էդ թիվը շուրջ 2.7 անգամ աճել ա, երբ որ նայում ենք ներմուծման պատկերին, ապա ամբողջապես հակառակ պատկերն ա, այսինքն՝ գերակշռում ա ավելի շատ ներմուծումը ԵՄ երկրներից և այլ երկրներից, և ավելի փոքր է աճը ԱՊՀ երկրներից իրականացված ներմուծման համար:
Բեջանյանը մի կողմից դրական է գնահատում, որ Հայաստանը կարողացել է վերաարտահանման օղակում դեր զբաղեցնել և որոշակի շահույթ ստանալ, մյուս կողմից, ըստ նրա, աճը երկարաժամկետ ապահովելու խնդիր կա:
Հայկ Բեջանյան - Չպետք Է մոռանանք, որ էս վերաարտահանման գործընթացը ևս պայմանավորված է արտաքին կարճաժամկետ գործոններով, և որքան լավ կդիրքավորվենք շուկայում, որքան մեծ կլինի մեր միջամտությունը էդ վերաարտահանման պրոցեսին, նկատի ունեմ միջանկյալ օղակում վերամշակման կամ ինչ-որ այլ աշխատանքների իրականացումը, էնքան երկարաժամկետում ավելի շատ կլինի մեր հույսերը աճի բարձր տեմպերով ապահովելու համար:
Էկոնոմիկայի նախարարությունը վերաարտահանման ծավալների առանձին հաշվարկ չի իրականացրել, սակայն նախարարության գլխավոր քարտուղարը կարծում է, թե այդ ցուցանիշը ընդհանուր վիճակագրության մեջ մեծ դեր չի խաղացել:
Նախորդ տարի դոլարի նկատմամբ դրամի արժևորումը արտահանողների համար բացասական հետևանք ունեցավ, քանի որ շահույթը ստանում են արտարժույթով: Խնդիր էին նաև Լարսում եղանակի և անցակետի վերազինան պատճառով առաջացած կուտակումները:
Կարեն Սարգսյան - Մասնավորապես արագ փչացող սննդամթերքի, գյուղմթերքի տեղափոխման հետ կապված խնդիրներ, բայց հիմնականում, որ ասեմ, իհարկե, այդ խնդիրների ազդեցությամբ պայմանավորված լուրջ փոփոխություններ արտահանման ծավալների վրա չեն նկատվել:
Արտահանման մեծ աճին զուգահեռ՝ 63.5 տոկոսով աճել է նաև ներմուծումը, ինչը գումարային արտահայտությամբ ավելի մեծ է՝ 8 մլրդ 768 մլն դրամ և ազդում է արտահանում-ներմուծում բալանսի վրա:
Հայկ Բեջանյան - Եթե նայում ենք բացարձակ արժեքով, դոլարային արտահայտությամբ, ապա չնայած և՛ արտահանման, և՛ ներմուծման կտրուկ աճին, որ ապահովվել ա էս տարվա ընթացքում, ապա էս 2 ճյուղերի միջև բացասական սալդոն շարունակել ա խորանալ, ճիշտ ա, էդ խորացումը շատ ավելի փոքր չափով ա եղել:
Փորձագետի գնահատմամբ՝ մեկ այլ խնդիր է, որ արտահանվում են հիմնականում հումք և ոչ վերջնական արտադրանք:
Հայկ Բեջանյան - Վերջին շրջանում բավականին ակտիվացել ա ծառայությունների արտահանման գործընթացը էսպես՝ դրական կողմերից ասած, որովհետև ՏՏ ոլորտի զարգացմանը զուգընթաց մենք կարողանում ենք որոշակի բարձր արժեք ունեցող արտադրանք արտահանել: Սակայն Հայաստանը շարունակում է լինել հիմնականում հումք արտահանող երկիր, ինչը նշանակում է, որ ավելացված արժեքի գերակշիռ մասը թողարկվում ա մեր երկրի տարածքներից դուրս, և մենք շատ ավելի փոքր օգտակարություն ենք ստանում:
Կարեն Սարգսյանը համաձայն է՝ հումք արտահանվում է, բայց նշում է՝ դրա տեսակարար կշիռը աստիճանաբար նվազում է վերամշակող արդյունաբերության, կաշվե և տեքստիլ արտադրության հաշվին:
Կարեն Սարգսյան - Նաև հումքի վերամշակված ապրանք արտահանելու հետ կապված ևս քայլեր իրականացվում են, այսինքն՝ ոչ թե զուտ հումք արտահանվի, այլ հումքի որոշակի կիսաֆաբրիկատ:
Շինանյութի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենը նշում է՝ Հայաստանի շուկան փոքր է, և արտահանումը տնտեսվարողների համար կարևոր է, գործընթացի պարզեցումը, կարծում է, նպաստում է բիզնեսի ընդլայնմանը:
Արա Խաչատրյան - Այն միջավայրը, որ ստեղծվել է արտահանելու համար, լիովին բավարարում է, որպեսզի կարողանանք մենք մեր խնդիրները, մեր ծրագրերը իրականացնենք, հեշտացված է արտահանման վարչարարությունը կամ փաստաթղթաշրջանառությունը:
Կառավարությունն այս տարվա համար ևս արտահանման բարձր աճի սպասելիքներ ունի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան