Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 24 000-ի: Թուրքիայում զոհվել է շուրջ 21 000 մարդ, վիրավորների թիվը հատել է 80 000-ը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ընդհանուր առմամբ փրկվել է 80 000-ից ավելի մարդ, երկրաշարժից տուժած 10 տարածքից տարհանվել է 92 000-ից ավելի բնակիչ, ավերվել է շուրջ 6500 շինություն՝ հայտնում են թուրքական իշխանությունները: Լրատվամիջոցների տվյալով՝ պարբերաբար հետցնցումներ են գրանցվում:
ՏՈՒԺԱԾ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ԹԱԼԱՆԻ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայում լուրջ մեղադրանքներ են հնչում նաև շինարարների դեմ, որոնք ակտիվ սեյսմիկ գոտիներում բազմահարկ շենքեր կառուցելիս չեն պահպանել շինարարական չափանիշները: Քննադատություններ են հնչում նաև երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին՝ տուժածներին օգնությունը ձգձգելու և փրկարարական աշխատանքներն ուշ սկսելու համար։ Ադըյաման քաղաք այցի ընթացքում Էրդողանն ընդունել է, որ երկրաշարժին իշխանությունների արձագանքն այնքան էլ օպերատիվ չէր, որքան պետք է լիներ։
Նա խոստովանել է, որ երկրաշարժից տուժած նահանգներում թալանի դեպքեր են արձանագրվել, վստահեցրել՝ կլուծեն խնդիրը:
Լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ստամբուլի օդանավակայանից բերման է ենթարկվել երկրաշարժից ավերված՝ 12 հարկանի բնակելի շենք կառուցած ընկերության ղեկավարը, որը փորձել է լքել երկրի տարածքը։ Նրա մոտ խոշոր գումար է հայտնաբերվել: Շինարարական ընկերության ղեկավարը մեղադրվում է անփութության համար, ինչը շուրջ հազար մարդու մահվան պատճառ է դարձել:
Թուրքիայի առևտրի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ 353 թուրքական ընկերություն տուգանվել է 4,5 միլիոն դոլարով՝ երկրաշարժերից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացնելու համար։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ. ԴՅՈՒԺԱՐԻԿ
Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 4000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը: Կարմիր խաչից մտահոգություն են հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներում ավելի շատ մարդ կարող է մնալ, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական անհրաժեշտ տեխնիկայի ոչ բավարար քանակով:
Երկրում երկրաշարժի հետևանքներին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, նա նշել է՝ աղետալի իրավիճակ է ստեղծվել:
«Տուժածներին օգնելու համար անհրաժեշտ է միջազգային մակարդակով համերաշխություն հայտնել սիրիացի ժողովրդին: Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնությունը»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն այժմ քննարկում են Սիրիա մարդասիրական բեռների տեղափոխումն արագացնելու հարցը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես փորձում է աջակցել սիրիացի ժողովրդին: Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ 180 օրով թույլատրում են Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման վերաբերյալ գործարքներ իրականացնել:
ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
Սիրիայի նախագահն էլ այցելել երկրաշարժից տուժած բնակավայրեր: Բաշար ալ Ասադը Հալեպում հայտարարել է, որ մասնագետները կանեն հնարավորը՝ աղետից տուժած տարածքները վերականգնելու և մարդկանց օգնելու համար։
Նա մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը քաղաքականացնում է ստեղծված իրավիճակը։ «Ինչ վերաբերում է հումանիզմին, ապա այն չի եղել նախկինում և չկա հիմա»,- նշել է նա։
Մարդկային զոհերի թվով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը 21-րդ դարի ամենաավերիչ բնական աղետների շարքում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ տուժել է 23 միլիոն մարդ, այդ թվում՝ մոտ 1,5 միլիոն երեխա։