Հայաստանում Սիրիայի դեսպանատանը քաղաքացիների հոսքը չի դադարում: Պաշտոնյաներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ հարգանքի տուրք են մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին: Դեսպանատանը բացված սգո մատյանում իրենց վշտակցության խոսքերն են գրել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Պետական այրերը Սիրիայի դեսպանի հետ զրույցում զորակցություն են հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին ու շուտափույթ ապաքինում մաղթել աղետի հետևանքով տուժածներին:
Նորա Արիսյան (ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Փլված շենքերի տակ տակավին ողջ անձինք կան, և թվերը ճշտվում են:
Սիրիայում Հայաստանի դեսպան Նորա Արիսյանն առանձնահատուկ կարևորում է երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության ցուցաբերած աջակցությունը, ընդգծում Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար օգնության և որոնողափրկարարական խմբի նշանակությունը:
Նորա Արիսյան - Տեղեկացանք, որ այդ փրկարար խումբն արդեն փրկել է 3 անձի կյանք և, կարծեմ, 6-7 դիակ է հանել փլատակներից:
Երկրաշարժի հետևանքով վերջին տվյալով Սիրիայում զոհվել է 2 հայ, մի խումբ մեր հայրենակիցներ հայտնվել են անօթևանի կարգավիճակում:
Նորա Արիսյան - Ինչպես բոլոր բնակիչները, նաև, անշուշտ, հայերը գիշերը պատսպարվում են կա՛մ եկեղեցիների սրահներում, կա՛մ միությունների սրահները բաց են: Ամեն մարդ փութաց, Հալեպի նահանգապետարանը, Լաթաքիայի նահանգապետարանը տրամադրեցին մզկիթները, իրենց սրահները, եկեղեցիները. բոլոր, ոչ միայն հայ եկեղեցիները:
10 տարուց ավելի պատերազմող և արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի դեսպանատներն առաջին անհրաժեշտության պարագաների և դեղորայքի ցանկ են փոխանցել տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին: Հայաստանում Սիրիայի դեսպանատունը սկսել է հանգանակություն՝ քաղաքացիներից ակնկալելով տաք հագուստ, դեղորայք և ֆինանսական օգնություն:
Հեղինակ` Նորայր Շողիկյան