Սպիտակ տնից հայտարարել են, որ նավթի արդյունահանումը կրճատելու Մոսկվայի որոշումը կայացվել է՝ ի պատասխան ռուսական նավթի գնի սահմանաչափ մտցնելու վերաբերյալ արևմտյան երկրների որոշմանը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ այս հարցով կխորհրդակցեն Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուսական կողմը «կրկին ցանկանում է էներգիան որպես զենք օգտագործել»։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը մարտին օրական 500 հազար բարելով կնվազեցնի նավթի արդյունահանումը:
Նշենք, որ 2023 թվականի հունվարին Ռուսաստանը օրական արդյունահանել է շուրջ 9,9 մլն բարել նավթ։ Ալեքսանդր Նովակը պարզաբանել է՝ չեն պատրաստվում նավթ վաճառել այն երկրներին, որոնք ուղղակի կամ անուղղակի աջակցում են «գնային շեմի» նախաձեռնությանը, ուստի կարտահանեն այնքան, որքան անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած գնորդներին։