ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԿԻԵՎԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ
Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ առանց որևէ նախապայմանի՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Նա հավելել է, թե մինչ օրս հենց Կիևն է Վաշինգտոնի և Բրյուսելի գլխավորությամբ խաթարել բանակցային գործընթացը։
«Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք բանակցել միայն եթե հաշվի առնվեն առկա իրողությունները և այն նպատակները, որոնց մասին արդեն հայտարարել ենք»,-նշել է Վերշինինը։
Անդրադառնալով հարցին՝ հնարավոր են արդյոք բանակցությունները ամերիկյան ներկայիս վարչակազմի օրոք՝ փոխարտգործնախարարը շեշտել է՝ դա կախված չէ Մոսկվայից:
ՈՒԿՐԱԻՆԱՆ 2 ՏԱՐՈՒՄ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԴԱՌՆԱԼ ԵՄ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան երկու տարվա ընթացքում կկարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«Որոշ երկրների առաջնորդներ կարծում են, թե Ուկրաինային 10 տարի է պետք ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն մենք կարծում ենք, որ դա 2 տարում էլ կանենք: Մեզ նաև անվտանգության երաշխիքներ են հարկավոր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը լավագույն երաշխիքը կլինի Կիևի համար: «Պատերազմում հաղթանակից հետո կլինենք Դաշինքում»,- համոզմունք է հայտնել Զելենսկին։
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՆԱՎԹԻ ԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌԴ ՈՐՈՇՄԱՆԸ
Սպիտակ տնից հայտարարել են, որ նավթի արդյունահանումը կրճատելու՝ Մոսկվայի որոշումը կայացվել է ի պատասխան ռուսական նավթի գնի սահմանաչափ մտցնելու՝ արևմտյան երկրների որոշմանը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ այս հարցով կխորհրդակցեն Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուսական կողմը «կրկին ցանկանում է էներգիան որպես զենք օգտագործել»։
Ավելի վաղ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը մարտին օրական 500 հազար բարելով կնվազեցնի նավթի արդյունահանումը: Նշենք, որ 2023 թվականի հունվարին Ռուսաստանն օրական արդյունահանել է շուրջ 9,9 մլն բարել նավթ։ Ալեքսանդր Նովակը պարզաբանել է՝ չեն պատրաստվում նավթ վաճառել այն երկրներին, որոնք ուղղակի կամ անուղղակի աջակցում են «գնային շեմի» նախաձեռնությանը, ուստի կարտահանեն այնքան, որքան անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած գնորդների համար։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՀԱՍՏԱՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 20-22-ը կայցելի Լեհաստան, կհանդիպի իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի և «Բուխարեստի իննյակի» երկրների ղեկավարների հետ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Կարին Ժան Պիերի խոսքով՝ Բայդենը Դուդայի հետ կքննարկի Ուկրաինային աջակցելու և ՆԱՏՕ-ի կարողություններն ամրապնդելու հավաքական ջանքերը, կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությանը:
Լեհաստանից հետո Բայդենի՝ Ուկրաինա այցի հնարավորության վերաբերյալ Սպիտակ տնից տեղեկացրել են, որ «նման մտադրություն չկա»։
ԱՄՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՂՄ ԵՆ ՄԱԿ ԱԽ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
ԱՄՆ և Բրազիլիայի նախագահները Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են ընդունել: Փաստաթղթում նշվում է, որ Ջո Բայդենը և Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պայմանավորվել են զարգացնել գործակցությունը պաշտպանության, կրթության և մշակույթի, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Բայդենն ու Դա Սիլվան նաև Ուկրաինայում արդար և տևական խաղաղության կոչ են արել:
Նախագահները հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման և ընդլայնման օգտին՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին մշտական անդամների տեղեր տրամադրելու միջոցով:
Բայդենն ընդունել է Լուլա դա Սիլվայի՝ Բրազիլիա այցելելու հրավերը: