Այսօր Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վահան Հունանյանը։
«Մարդասիրական օգնությամբ բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած տարածաշրջան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հունանյանը։
Մարդասիրական բեռն ուղարկվել է երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։
Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել։