Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթը: Այն մասնավորեցման էր դրվել դեռ 1999 թվականին, այնուհետև հանվել էր ցանկից, հետո վերադարձվել: Նախորդ տարիներին մի քանի անգամ ներկայացվել է մասնավորեցման, այդ թվում` տարաժամկետ վճարման հնարավորությամբ, սակայն հայտերի բացակայության պատճառով մրցույթները չեն կայացել: Օրեր առաջ կայացած մրցույթի պայմանը եղել է այն, որ վճարումը պետք է մեկ փուլով լինի:
Գեղամ Ասատրյան (ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու) - Մեկնարկային գինը եղել է 3 միլիարդ 265 միլիոն 56 հազար դրամ, վաճառքի գինը կազմել է 3 միլիարդ 265 միլիոն 160 հազար դրամ:
Այս ինստիտուտը 90 տարվա պատմություն ունի: Մասնավորեցումից հետո հաղթող ճանաչված մասնակիցը ստանձնել է կազմակերպության պրոֆիլի պահպանման, ինչպես նաև վերազինման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ 500 մլն դրամի ներդրումային պարտավորություն: Տարիների ընթացքում ֆիզիկական բժշկության մեթոդները ևս կատարելագործվել են և առկա շենքային պայմաններում անհնար է շատ հիվանդ սպասարկել:
Արմինե Հովակիմյան (Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն) - Տվյալ պահին մենք ունենք 140 հիվանդ, կարող է հիվանդների թիվը հասցնել մինչև 200-ի, բայց այդ դեպքում արդեն մի քիչ ծանրաբեռնված ա լինում կոլեկտիվը:
Շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի՝ ասում է Արմինե Հովակիմյանը: Հիվանդանոցի միջոցներով հնարավոր է եղել այս տարի վերանորոգել ընդամենը մեկ բաժանմունք, կարողացել են որոշ հին սարքավորումներ փոխարինել նորով:
Արմինե Հովակիմյան - Իհարկե, դա այն չէ, ինչը մենք կցանկանայինք ունենալ: Եթե ես ասում եմ՝ մեկ բաժանմունք ընդամենը վերանորոգեցինք, մենք ունենք վեց բաժանմունք, էդ նշանակում է՝ դա մի շատ փոքր մաս էր:
Գնորդը գույքի ձեռքբերման ամբողջ գումարը վճարելու է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Գեղամ Ասատրյան - Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետում պետք է վճարումը կատարվի, հակառակ պարագայում մրցույթը համարվում է չեղարկված:
Գնորդն արդեն կանխավճար է մուծել: