Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Կոմիտաս, Տիգրան Մեծ... Մայրաքաղաքի փողոցներում, բակերում բազմաթիվ են լքված ավտոմեքենաները, մի մասը առանց պետհամարանիշերի են՝ ամիսներով, անգամ տարիներով նույն վայրում կանգնած:
Ինչո՞ւ այս մեքենաները չեն տարհանվում, հարցը նախ սոցիալական ցանցում բարձրաձայնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը: Արսեն Թորոսյանը լքված մեքենաների հարցով դիմել է նաև քաղաքային իշխանությանը:
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Անկեղծ ասած, ինձ համար պատասխանը, որը տրվեց, մի քիչ տարօրինակ էր: Ասվեց, որ իրենք լիազորություններ չունեն և այժմ օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստում: Բայց ինձ համար տարօրինակ է, որ չկա: Եթե իմ փչացած սառնարանը դնեմ մի տեղ, իրավունք չեն ունենալու վերցնեմ: Տարբերությունը ո՞րն է փչացած սառնարանի և առանց պետհամարանիշի մեքենայի:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրը քննարկվել է նաև Կառավարության նիստում, բայց մեքենաները նույն տեղում են: Հարցի լուծումը պատգամավորը համարում է հատուկ կայանատեղերի առանձնացումը: Արձանագրել՝ ինչ տեսքով է մեքենան տարհանվում, որ հետո, եթե տերը հայտնվի, սեփականության անձեռնմխելիության հարց չծագի, որպեսզի մեկի լքված գույքը մյուսի համակեցության ընդհանուր կանոնները չխախտի:
Արսեն Թորոսյան - Եթե դա հաշվառված աղբ է, կարելի է ժամանակավոր ինչ-որ տեղ պահել, ոչ թե թողնել, քաղաքացիների համար անիմաստ խոչընդոտներ ստեղծել, խանգարել, որ շահագործվող մեքենաներ կանգնեն և այլն:
Մաշտոցի պողոտայում արդեն մի քանի ամիս կայանած մեքենայի սեփականատիրոջ որդին, որ չցանկացավ կադրում երևալ, հայտնեց. հայրը մի քանի ամիս առաջ է մահացել, այժմ փաստաթղթերի հետ կապված խնդիր ունեն: Լուծեն, պետք է վաճառեն, մինչև այդ կայանելու այլ տեղ չունեն:
Սա էլ Երևանի բակերից մեկում է. խորհրդային մեքենայի քայքայվելուն զուգահեռ՝ նույն վայրում ծառ է աճել: Պատգամավորի գրառմանը բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել, խնդրի լուծման տարբերակներ առաջարկել:
Օրինակ՝ շատ երկրներում այդ հարցը լուծվում էր հետևյալ կերպ. կախված է ցուցանակ, որտեղ նշված է, որ շաբաթվա այսինչ օրը (օրինակ՝ չորեքշաբթի) փողոցի այդ հատվածում կայանելն արգելված է` մաքրության նպատակով, կայանված մեքենան տեղահանվում է, սեփականատերը` տուգանվում։ Փաստորեն, եթե այս մեքենաները ամիսներով այսպես կայանված են, տվյալ տարածքը քաղաքապետարանի կողմից չի մաքրվում։
Հույս ունենք, որ գործի կանցնեք, որովհետև տասնյակ տարիներով ապրում ենք ջարդոնների հարևանությամբ։ Մարդիկ 3, 4, 5 մեքենա են կանգնեցնում բակում ու տարիներով թողնում մեռյալ վիճակում:
Պատգամավորի կարծիքով՝ նմանատիպ խնդիր է նաև փողոցներում կայանած վարձույթով մեքենաների հարցը, որոնք օրեր, ամիսներ նույն տեղում են: Ստացվում է՝ քաղաքացիները վճարում են կարմիր գծերի մեջ կանգնելու համար, բայց չեն կարողանում օգտվել:
Արսեն Թորոսյան - Որովհետև այնտեղ կա միշտ մեքենա, եթե հանում են, մեկ ուրիշն են բերում: Փաստացի՝ գովազդ են անում:
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին. բարձրացված խնդիրը քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է, նաև օրենսդրական փաթեթ են պատրաստվում ներկայացնել Կառավարության քննարկմանը: