ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 23 000-ի: Թուրքիայում զոհվել է 19 300-ից ավելի մարդ, վիրավորների թիվը հատել է 77 000-ը, ավերվել է շուրջ 6500 շինություն: Լրատվամիջոցների տվյալով՝ հետցնցումներ են գրանցվում: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 4000 մարդ, վիրավորների թիվը հատում է 5000-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ երկրաշարժի պատճառով տուժել է շուրջ 25 միլիոն մարդ, այդ թվում՝ 1 միլիոնից ավելի երեխա։ Fitch Ratings վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած տարածքները վերականգնելու համար կպահանջվի ավելի քան 4 մլրդ դոլար։
Թուրքիայի նախագահն այցելել է Ադըյաման քաղաք, այնտեղ ունեցած ելույթում Ռեջեփ Էրդողանը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերին իշխանությունների արձագանքն այնքան էլ օպերատիվ չէր, որքան պետք է լիներ։ Նա խոստովանել է, որ երկրաշարժից տուժած նահանգներում թալանի դեպքեր են արձանագրվել, վստահեցրել՝ կլուծեն խնդիրը:
Սիրիայի նախագահն էլ է այցելել երկրաշարժից տուժած բնակավայրեր: Բաշար ալ Ասադը Հալեպում հայտարարել է, որ մասնագետները կանեն հնարավորը՝ երկրաշարժից տուժած տարածքները վերականգնելու և մարդկանց օգնելու համար։
Սիրիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը քաղաքականացնում է ստեղծված իրավիճակը։
«Ինչ վերաբերում է հումանիզմին, ապա այն չի եղել նախկինում և չկա հիմա»,- նշել է նա:
ՔԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ՀԱՐՁԱԿՎԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ ռազմական գործողություն չի ձեռնարկի թուրքական ուժերի դեմ՝ հաշվի առնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։
«Եթե թուրքական ուժերը չհարձակվեն, մեր ուժերը չեն արձագանքի: Այս որոշումը ուժի մեջ կմնա, մինչև աղետի հետևանքները չհաղթահարվեն: Հազարավոր քրդեր են հայտնվել փլատակներում, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները նրանց հնարավորինս արագ փրկելու համար»,- նշել է Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևի ղեկավար Ջամիլ Բայիկը։
ՄՈԼԴՈՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Մոլդովայում հանրային դժգոհությունների, գնաճի դեմ բողոքի ցույցերի ֆոնին կառավարությունը հրաժարական է տվել։ Նատալյա Գավրիլիցիան հայտարարել է, որ լքում է 2021 թվականի օգոստոսին ստանձնած վարչապետի պաշտոնը։ Հեռանալու պատճառների մասին արդեն նախկին պաշտոնյան չի խոսել, միայն նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում աշխատել է անդադար ճգնաժամի պայմաններում։
«Եթե մեր կառավարությունը Մոլդովայում նույնքան աջակցություն ստանար, որքան Բրյուսելում, մենք շատ ավելիին կհասնեինք»,- ընդգծել է Գավրիլիցիան։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական խմբակցությունների հետ անցկացրած խորհրդակցություններից հետո վարչապետի պաշտոնում նա առաջադրել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչեանին: Ըստ օրենքի՝ Ռեչանը երկու շաբաթվա ընթացքում պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի նոր կաբինետի կազմն ու ծրագիրը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Երկրի գրեթե ողջ տարածքում պարբերաբար օդային տագնապ է հայտարարվել։ Թիրախում են հայտնվել մայրաքաղաք Կիևը, Խարկովը, Լվովը, Օդեսան, Զապորոժիեն և այլ տարածքներ: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական կողմը թևավոր հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածքից։ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասնել է, որ Ուկրաինայի ուղղությամբ 70 հրթիռ է արձակվել, առնվազն 60-ը հաջողվել է խոցել: Նրա խոսքով՝ կան զոհեր: Ուկրաինայի էներգետիկայի նախարար խոսքով՝ վնասվել են երկրի վեց շրջանի էներգաօբյեկտներ: Ամենաբարդ իրավիճակը Զապորոժիեի, Խարկովի և Խմելնիցկի շրջաններում է։
ՌԴ-Ն ՉՊԵՏՔ Է ԵԱՀԿ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ ԼԻՆԻ. ՔԱՐՓԵՆԹԵՐ
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը չպետք է ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ լինի՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Այնուհանդերձ, իրականությունը հետևյալն է՝ ԵԱՀԿ-ից Մոսկվային հեռացնելու մեխանիզմ չկա: Աջակցում եմ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը գոնե կասեցնելու կոչերին»,- նշել է նա։
Նա հավելել է՝ ակտիվորեն աշխատում են Ռուսաստանի և Բելառուսի դիվանագիտական մեկուսացման ուղղությամբ: