Անբավարար գնահատականների մտահոգիչ ցուցանիշ «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու» առարկաներից: Կրթության տեսչական մարմինը գիտելիքների ստուգման համար 2022-ին ստուգումներ է իրականացրել 123 հանրակրթական դպրոցներում, որոնցից 40-ում՝ թելադրության և թեստային առաջադրանքի տարբերակով:
Ռաիսա Գալստյան (ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Հայոց լեզվի թելադրությունից մասնակցել են 3624 սովորող, որոնց 13,2 տոկոսը գերազանց է ստացել, իսկ 27,8 տոկոսը՝ անբավարար: Մաթեմատիկայի պարագայում տվյալներն ավելի վատ են: Գերազանց ստացել է 4,7 տոկոսը, իսկ անբավարար՝ 44,5 տոկոսը:
2020-21-ին ևս անբավարար ստացողները շատ են եղել. Մաթեմատիկայից՝ 47, իսկ հայոց լեզվից՝ 35 տոկոս։ Գալստյանի խոսքով՝ այդ տվյալները 2022-ի արդյունքների հետ համադրելի չեն, որովհետև ստուգումներն իրականացվել են տարբեր դպրոցներում՝ ըստ կրթության նախարարության տրամադրած ցանկի: Չնայած դրան՝ համաձայն է՝ ընդհանուր վիճակը մտահոգիչ է:
Ըստ մասնագետի՝ դպրոցներում նման ցածր ցուցանիշները նախաձեռնողականության պակասի հետևանք են, ինչը հատկապես մաթեմատիկայի նման բարդ առարկայի համար շատ կարևոր է:
Սմբատ Գոգյան («Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն, ուսուցիչ) - Մաթեմատիկայի արդյունքների վատ լինելու առաջին նախապայմանը հայերենի վատ լինելն է: Այսինքն՝ նույն հարցումը ցույց է տվել, որ հայոց լեզվին էլ են վատ տիրապետում: Եթե երեխան հայերեն նորմալ չգիտի, նա չի կարող վարժությունը կարդալ և հասկանալ, թե ինչի մասին է, նա չի կարողանա այդ ամենը վերարտադրել, մաթեմատիկայի լեզվին բերել:
Նման պատկերի գլխավոր պատճառը երեխաների սովորելու ցանկության նվազումն է՝ նշում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նաև դասավանդման որակի ընդհանուր անկում կա: Ըստ նրա՝ հայոց լեզուն, համեմատած այլ առարկաների հետ, նույնիսկ լավ վիճակում է:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Էս թվերն ինձ համար զարմանալի չեն, որովհետև սրանք նոր թվեր չեն: Մենք այս միտումներն ունենք տարիներ շարունակ: Մի քանի տարի առաջ էլ էլի մաթեմատիկա առարկայից 40-50 տոկոսը անբավարար էր ստացել: Խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենք ծրագիր, թե ոնց ենք սրա դեմն առնում:
Խաչատրյանը ավելացնում է՝ նախարարությունը ամենօրյա հետևողական աշխատանք պետք է տանի դպրոցների հետ: Արվող բարեփոխումները հաճախ անարդյունավետ են, որովհետև չեն հիմնվում դպրոցների իրական վիճակի վրա: Նախարարությունից հակադարձում են՝ իրենք բացահայտում են առաջացած խնդիրները, իրականացնում են վերահսկողություն, անհրաժեշտության դեպքում էլ օրենսդրական փոփոխություններ անում: Սակայն սա նաև դպրոցի պատասխանատվության ոլորտն է: Նման պատկեր է լինում, որովհետև, ըստ նախարարության ներկայացուցչի, դպրոցներում աշխատանքն իրականացվում է մակերեսորեն:
Արտաշես Թորոսյան («Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար) - Դպրոցում կրթության ոլորտի պատասխանատուն տնօրենն է: Նա պետք է ոչ թե տեսչականից իմանա դպրոցում առաջացած խնդիրները, այլ ինքնուրույն այդ հարցը ուսումնասիրի և միջոցներ ձեռնարկի իրավիճակը շտկելու համար: Իսկ միջոցների հարցում ինքն ունի շատ մեծ օգնականներ, մասնավորապես՝ ԿԶՆԱԿ-ը, մանկավարժական բուհերը:
Տեսչական մարմնից տեղեկացնում են՝ կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին օրենքում մարտին փոփոխություններ են նախատեսվում, որով, բացի ստուգումից, հնարավորություն կունենան իրազեկում, կանխարգելիչ միջոցառումներ և մեթոդական աջակցություն իրականացնել, ինչը, ըստ նրանց, կօգնի բարելավել արձանագրված ցուցանիշները: