Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար նոր կանխարգելիչ ծրագիրը է հաստատել՝ եռամյա ժամկետով, շուրջ 171 միլիոն դոլար բյուջեով: Փոխառու միջոցներն, ըստ ֆինանսների փոխնախարարի, ուղղվելու են ապագա հնարավոր տնտեսական ցնցումների դեպքում մեր երկրի արտաքին ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Էդուարդ Հակոբյանը բացատրում է՝ նոր ծրագիրը երեք հենասյուն ունի՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը, Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներին աջակցելն ու հնարավոր ցնցումների ժամանակ ֆինանսական միջոցներ ունենալը:
Փաստաթղթով նախատեսված 171 միլիոնից 24-ն արդեն հասանելի է, 6 ամիսը մեկ միջոցառումներն ամփոփվելու են՝ հասանելիություն բացելով մյուս մասերին:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Այսինքն՝ 6 հավասար մասերով առաջիկա ամիսների ընթացքում մենք կունենանք հասանելիության էդ միջոցներին
Ծրագրով արժույթի միջազգային հիմնադրամը 36 ամիս կաջակցի Կառավարության բարեփոխումներին: Խոսքը հարկաբյուջետային քաղաքականության, պետական ներդրումների կառավարման, գործարար միջավայրի և աշխատանքի շուկայի բարելավման մասին է՝ նշում է փոխնախարարը: Այս քայլերն էլ շղթայական ռեակցիայով, ասում է, կհանգեցնեն աղքատության մակարդակի նվազմանը:
Էդուարդ Հակոբյան - Մասնավորապես, մի քանի ուղղությամբ ենք կարևորում ծրագրում, օրինակ՝ դրանցից մեկը, որը առանցքային ռեֆորմ է զբաղվածության տեսանկյունից դա զբաղվածության մշակումն ու հաստատումն է Կառավարության կողմից, որը ենթադրելու է աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականության, մարդկանց, ըստ էության, ավելի արտադրողական դարձնելու ու աշխատանքի շուկա բերելու տեսնակյունից:
Ծրագիրը կարևորում է առաջիկա տարիներին կենսաթոշակների բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը, նաև նպաստների համակարգն ավելի թիրախային դարձնելը: Առանձնացնելով դրամավակային քաղաքականության ուղղությունը, որի պատասխանատուն կենտրոնական բանկն է, Հակոբյանն ընդգծում է՝ շեշտը դրված է կապիտալի շուկայի զարգացման ու բանկային համակարգի ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման վրա:
Էդուարդ Հակոբյան - Դուք շատ լավ գիտեք, որ ներկայումս էս արտաժութային հոսքերի պարագայում նաև տարբեր այլ զարգացումների պարագայում որոշակի ռիսկեր կան կուտակված բանկային համակարգում, ու դրանց արդյունավետ կառավարումը նույնպես կարևոր է ֆինանսական կայունություն ապահովելու տեսանկյունից:
Ծրագիրը հաստատելիս միջազգային հիմնադրամը հաշվի է առել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպը՝ նշում է պատասխանատուն: Սա ոչ միայն ի նպաստ տնտեսության զարգացման է, այլև կարևոր է երկրի արտաքին վարկանիշի համար՝ բացատրում է փոխնախարարը:
Էդուարդ Հակոբյան - Այն ներդրողները, որոնք ներդրում են իրականացնում մեր պարտատոմսերում կամ ներդրումներ են իրականացնում մեր երկրում, ԱՄՀ այդ ծրագիրը վստահություն է ձևավորում, որ էն, ինչ որ Կառավարությունը իրականացնում է, դա արվելու է էն ձևով, որ մակրոտնտեսական կայունությունը չխաթարվի երկրում, այսինքն՝ մակրոտնտեսական ապահովման որոշակի ցուցիչ է մեր բոլոր գործընկերների համար:
Հասանելի միջոցները հնարավոր է բաշխել նաև ըստ անհրաժեշտության, հրատապ կարգով՝ նշում է փոխնախարարը, օրինակ բերում համավարակի շրջանը:
Այդ ընթացքում տնտեսությանն աջակցելու Կառավարության միջոցառումների փաթեթը հնարավոր է եղել իրականացնել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով: