Սա Գեղամ Սահրադյանի ձերբակալման կադրերն են: Այն նույն վարորդի, որը երեկ երեկոյան մարտաֆիլմի նկարահանման հրապարակի էր վերածել Հանրապետության հրապարակը:
Սա էլ Երևանի Ագաթանգեղոսի 7 հասցեի կամարանցումն է, որտեղ երեկոյան թողնվել է «Համմեր» մակնիշի ավտոմեքենան: Ասֆալտի վրա նկատելի են անիվների թարմ հետքերը: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում պարեկներին մոտեցել է «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից, սակայն մերժում ստանալով՝ մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հակառակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին ու մեքենան շարունակել է վարել Արամի, Բուզանդի, Վազգեն Սարգսյան, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, մայթերով՝ վնասելով փողոցներում կայանված քաղաքացիական 8 մեքենա։
Այնուհետև վարորդը երթևեկել է Կառավարության շենքի ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին և վնասել Պարեկային ծառայության 3 ավտոմեքենա։ Գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են ավտոմեքենայի անվադողերի վրա՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է կամարի տակ և դիմել փախուստի, հետո հայտնաբերվել Խորենացու փողոցում կքանստած:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հաշվառման համարանիշը, վնասված անվադողի կտորներ, իսկ «Համմեր»-ը, պարեկային ծառայության և քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Վկայի և տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ: Պարզվել է, որ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է վարորդի հորը՝ Արարատի մարզի բնակչի. նա ձերբակալվել է, հետո ազատ արձակվել:
ՀՀ քննչական կոմիտե
«Տեղյակ լինելով որդու թմրանյութ օգտագործելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց»:
Խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու կասկածով Գեղամ Սահրադյանը ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել գիշերը 03:20-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթված «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող՝ 1,9 գրամ բյուրեղանման զանգված: Սահրադյանը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան