Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ ադրբեջանցի ակտիվիստ Բախտիար Հաջիևը կալանքի տակ է մնում անցյալ տարվա դեկտեմբերից, և որ նրան քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Հացադուլ հայտարարած Հաջիևի առողջական վիճակը լրջորեն վատթարացել է, ըստ անկախ բժշկի՝ կոմայի մեջ ընկնելու վտանգ կա: Միացյալ Նահանգները կոչ է անում շուտափույթ ազատ արձակել Հաջիևին և բոլոր այն անձանց, ովքեր բանտարկված են իրենց հիմնարար ազատություններն իրականացնելու համար»,- նշել է Փրայսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հավատարիմ է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը, իրավապաշտպաններին աջակցելուն և մարդու իրավունքների խախտումներ կատարողներին պատասխանատվության ենթարկելուն:
«Մենք խրախուսում ենք համակարգային բարեփոխումների ուղղությամբ բոլոր քայլերը, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն Ադրբեջանում և ամբողջ աշխարհում»,- եզրափակել է պետքարտուղարության խոսնակը: